Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»

Ադրբեջանը հաստատել է Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Միաժամանակ Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։
Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժած առանձնատուն։
Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»։