Նորություններ

«Այս ԱԺ-ն չի կարող կատարել իր առջև դրված խնդիրները». Ն. Դիլբարյան

Ի սկզբանե հնչող այն կանխատեսումներին, որ այս ԱԺ-ն կարող է գոյություն ունենալ 1,5-2 տարի, ընդհակառակը, սրընթացությունը ցույց է տալիս, որ այս ԱԺ ընդհանրապես չի կարող կատարել իր առջև դրված խնդիրները:

«Այս ԱԺ-ն չի կարող կատարել իր առջև դրված խնդիրները. տեղի է ունենում այն, ինչն ուրվագծված էր հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, և հիմա այդ  ուրվագիծը դառնում է իրական նկար: Փոխադարձ ատելության և փոխհերքումի մթնոլորտով անցած ընտրությունները, որոնց հետևանքով 2 ծայրահեղություններ տեղավորվել են մի հաստատության մեջ ԱԺ-ում, այդ մթնոլորտի շարունակությունը պետք է այսպես էլ լիներ, ամեն ինչ խոսքակռվից անցներ ձեռնամարտի, ուժի ցուցադրության:

Նման պայմաններում քաղաքականությունը կամ պառլամենտարիզմը որպես այդպիսին դադարում են գոյություն ունենալ: Մենք լսում ենք միայն փոխադարձ մեղադրանքներ, ընդ որում, դրանք ի սկզբանե արդեն փորձարկված էին. «հողատու», «դավաճան»-ին արձագանքում են «մարդասպան», «թալանչի», «գող» և այլ պիտակավորումներով:

Որևէ քաղաքական օրակարգ, որևէ քաղաքական հարցադրում իսպառ բացակայում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը:

ԱԺ-ն
Նարինե Դիլբարյան

Նրա խոսքով՝ քանի որ իշխանությունը օժտված է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են վրեժխնդրությունը, ազգային-պետական խնդիրների ստորադասումը անձնական նկրտումներին, ապա մենք ունենք այս իրավիճակը.

«Միմյանց վրա նետվող բազկաթոռներ, շշեր, քաշքշուկներ և ոչ մի պետական, խորհրդարանական գործունեություն: Եվ այս իրավիճակում  խոսել համերաշխության մասին իրատեսական չի  լինի, պարզապես իրատեսականը պետք է այն լինի՝ ընտրվի օրակարգ, որի շուրջ կարող են համատեղվել ՀՀ պետականության խնդիրները և քաղաքական ուժերի տեսլականները»:

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ քաղաքական  ճգնաժամը չի հանգուցալուծվել, և այն թվացյալ պատկերը, թե Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ հաղթեց Սերժ Սարգսյանին, հիմա էլ հաղթել է Ռոբերտ Քոչարյանին, մանկամիտ պատկերացում է:

«Ամեն անգամ հայտարարել, որ մենք «պողպատե մանդատ» ունենք, կարող ենք հրահանգել անվտանգությանը մարդկանց դուրս հանել, քաշքշել, կամ մանդատ ունենք և լրագրողներին կարող ենք թույլ չտալ, որ լուսաբանեն ոչ առինքնող իրականությունը, դրանք սին ջանքեր են:

Իրենց մանդատը «պողպատյա» չէ, այլ ապակյա է, և ամեն հարվածից բեկորները անջատվում են, իսկ թե  հետո այդ բեկորային ջարդվածքներից հետո ինչ է մնալու՝ ակներև է: Բոլորովին այլ լուծումներ են պետք, և քաղաքական հանգուցալուծումն անձնական վրեժխնդրության դաշտից տեղափոխվելու է:

Ի սկզբանե հնչող այն կանխատեսումներին, որ այս Ազգային ժողովը կարող է գոյություն ունենալ 1,5-2 տարի, ընդհակառակը, սրընթացությունը ցույց է տալիս, որ այս ԱԺ-ն ընդհանրապես չի կարող կատարել իր առջև դրված խնդիրները, եթե անգամ ոմանք իրենց համար մեծամասնություն են ստեղծել կամ կարծում են, թե ունեն մեծամասնություն: Խնդիրն այն է, որ ժողովրդի հուսալքությունը մեծացել է, մենք ունենք արտագաղթի շատ վտանգավոր պատկեր: Ովքեր թեկուզ հպանցիկ կերպով հետևում են և տեսնում են, թե ինչպիսի քայլերով  է մեր պետականությունը գնում դեպի անդունդը, ապա նրանք ինքնապաշտպանական բնազդով լքում են»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը:

Հիշեցնենք, որ արդեն 2 օր է ԱԺ-ում մթնոլորտը լարված է, այսօր մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք ընդդիմադիր «Հայաստան» և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորների միջև:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button