Շշամարտից՝ ձեռնամարտ. ԱԺ-ում նոր բախում եղավ
Վահե Հակոբյանն արձագանքեց. «Արա-ն դու ես, ա՛յ տղա», եւ ԱԺ-ում նոր բախում ու խառնաշփոթ սկսվեց

ԱԺ-ում նոր բախում տեղի ունեցավ եւ ուղիղ եթերը կրկին ընդհատվեց, տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն իր ելույթում հայտարարեց.
«Էդ ո՞ր համերաշխության մասին եք ասում. պառակտումը մինչև հիմա կա և ավելի խորանում է: Այդ բաժանարար գծերը արել եք դուք՝ բաժանելով նախկինների- ներկաների, ղարաբաղցիների-հայերի և այլն»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վահե Հակոբյանին հորդորեց, որ նման հայտարարություններ անելիս անուններ նշի, որպեսզի լարված մթնոլորտն էլ ավելի չթեժանա:
Վահե Հակոբյանը հիշեցրեց, թե ով առաջին անգամ բաժանեց սևերի-սպիտակների, առաջին անգամ՝ո՞վ ասաց, որ իրենք նախկին են, իսկ գործող իշխանությունը՝ ներկա:
ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորը խոսեց նաև դատաիրավական համակարգի մասին՝ կարծիք հայտնելով, որ համակարգը դարձել է կամակատար:
Ելույթի ընթացքում իշխանական պատգամավորներից մեկը «արա»-ով դիմեց Հակոբյանին, եւ վերջինս արձագանքեց. «Արա-ն դու ես, ա՛յ տղա», եւ իջավ ամբիոնից: Դրանից հետո ԱԺ-ում նոր բախում եւ խառնաշփոթ սկսվեց:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին հրահանգեց անվտանգության աշխատակիցներին մուտք գործել դահլիճ, ուղիղ եթերն ընդհատվեց: