Նորություններ

«Զինծառայողների կորելու փաստի առաջ չէինք կանգնի, եթե…»

Տպավորություն է, որ ոչ ոքի չի հետաքրքրում զինծառայողների կորելու փաստը, նրանց ճակատագիրը. կդիմեն ռուսական կողմին ու վերջ, ոչ ոք պատասխան չի տա:

«Զինծառայողների կորելու կամ մոլորվելու փաստի առաջ չէինք կանգնի, Եթե մենք մեր տարածք ներխուժած թշնամուն վռնդած լինեինք: Դիրքի պատասխանատուից մինչև բանակի  բարձրագույն ղեկավարությունը, նախարար, գերագույն գլխավոր հրամանատար ունեն իրենց մեղքի բաժինը: Երբ բանակի ղեկավարությունը անպատասխանատու է և անպատիժ է, նման կերպ էլ պիտի լինի. թշնամին կմտնի մեր տարածք, մեր զինծառայողները կկորեն, և ոչ ոք էլ պատասխան չի տա դրա համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով վերջին դեպքերին:

Փաստաբանի խոսքերով՝ տպավորություն է, որ  ոչ ոքի չի հետաքրքրում զինծառայողների կորելու փաստը, նրանց ճակատագիրը. զինծառայող է կորում, կդիմեն ռուսական կողմին ու վերջ, ոչ ոք պատասխան չի  տա:

Պապիկյանն, անդրադառնալով պաշտպանական գերատեսչության մեկնաբանությանը, որ զինծառայողները մոլորվելու արդյունքում են հայտնվում ադրբեջանական կողմում, հայտարարեց.

«Ոչինչ չի կարելի բացառել, բայց եթե նոր սահման է հաստատվել, դա  նշանակում է համապատասխան մոտեցում, զինվորական կանոններ, բայց արդյո՞ք այդ կանոնները պահվել են: Եթե զինծառայողը հրահանգավորված է, որ այդ տարածք գնալ չի կարելի, և ինքը գնացել է, ուրեմն դա նշանակում է, որ բանակի ղեկավարությունը իր տեղում չէ: Եթե անգամ հրահանգավորված զինվորն այդ կարգը խախտել է, ղեկավարությունը պիտի պատասխան տա դրա համար»:

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում 30 տարի շարունակ ռազմաքաղաքական ղեկավարությունից և ոչ ոք իր կատարած հանցանքի համար պատասխան չի տվել և այսուհետ ևս չի լինելու, քանի դեռ ունենք կամազուրկ իշխանություն:

«44-օրյա պատերազմից հետո գերագույն հրամանատարը, բանակի ղեկավարությունը ոչ ոք պատասխան չի տվել, և միակ խոսքը որ լսել ենք, այն է, որ վարչապետը հայտարարեց. «Մենք  քաղաքական պատասխանատվություն ենք կրում»։ Իսկ ո՞վ պիտի իրավական պատասխան տա:

Օրինակ՝ դատախազությունը կարող է գործ հարուցել բանակի  բարձրագույն ղեկավարության դեմ պատերազմի նման վախճանի հետ կապված:

Բանակում խնդիրները նոր չեն, և երբ մենք բարձրաձայնում էինք խնդիրների մասին, ասում էին՝ թուրքը կլսի, կիմանա և այլն: 30 տարի էդպես մեզ կերակրել են և հիմա էլ ինչ-որ չափով ուզում են կոծկել։ Համակարգում 30 տարի նույն մարդիկ են և հիմա էլ են նույն մարդիկ: 30 տարի նրանք ամեն ինչ կոծկելով են զբաղված եղել:

Հիմա ինչի՞ պիտի ուրիշ ձև աշխատեն, իրենք չեն կարող օբյեկտիվ քննել, որովհետև իրենք դուրս կգան իրենց վրա և իրենք իրենց պիտի պատժեն: Իրենք եթե պատիվ ունենային, գիտեին՝ ինչպես է պատիվ ունեցող սպան վերականգնում իր արժանապատվությունը: Չի կարող այդպիսի բան լինել՝ պատերազմը պարտվես, զինվորները կորեն, ու չլուծես քո արժանապատվության հարցը»,- ընդգծեց Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նշենք նաև, որ շուրջ 40 օր է որևէ տեղեկություն չկա Սյունիքի  մարզի Սև լճի հատվածում կորած 2 զինծառայողների մասին:

Անահիտ Չալիկյան

Back to top button