ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Մեղմ ժպիտով կենսասեր տղան՝ մեր հերոս Ալեքը

24-ամյա ժամկետային զինծառայողը հրամկազմի համար վստահելի էր, որովհետև չկար մարտական խնդիր, որ դրվեր նրա առջև, և Ալեքը փայլուն չկատարեր:

Կյանքը սիրող, մեղմ ժպիտով տղան՝ Ալեքսան Սիմոնյանը, կամ ինչպես ինքն էր սիրում, որ իրեն ասեն, Ալեքը, այսօր կդառնար 24 տարեկան:

Այսօր տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 24-ամյա ժամկետային զինծառայող Ալեքսան Սիմոնյանի հուշահամալիրի  բացումը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին հայրենիքի համար կյանքը տված հայորդու հիշատակին:

«Շատ կենսասեր ու կենսուրախ տղա էր, խելացի, նվիրված թե՛ ընտանիքին, թե՛ հայրենիքին: Սիրում էր կյանքը… զուսպ էր, ամեն հարցում, անգամ երբ խոսքը զգացմունքներին էր վերաբերում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերոս որդուն ներկայացրեց մայրը՝ Գոհար Սիմոնյանը:

Մեղմ ժպիտով կենսասեր տղան՝ մեր հերոս ԱլեքըԻնը ամիս էր մնացել, որ Ալեքը զորացրվեր, բայց սեպտեմբերի 27-ն ինչպես շատ ընտանիքների, այնպես էլ Սիմոնյանների համար կյանքը բաժանել է «առաջ»-ի և «հետո»-ի:

Հրետանավոր Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը ծնվել է 1997թ. օգոստոսի 21-ին Գյումրիում, ընտանիքի կրտսեր որդին էր:

Ժամկետային զինծառայողը սովորել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում:

Համալսարանն ավարտելուց հետո է Ալեքսանը զորակոչվել բանակ: Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զորամաս որպես հրետանավոր:

«Ծառայակից ընկերներից տարիքով մեծ էր, բոլորի հետ հարմարվել էր: Չեմ հիշում, որ  մի օր բողոքեր ծառայությունից: Անգամ պատերազմի ժամանակ էլ հումորը չէր կորցնում, իրեն այնպես էր պահում, որ մտածում էինք՝ իրենց մոտ պատերազմ չկա:

Վերջին անգամ՝ հոկտեմբերի 30-ին, բավականին երկար ենք խոսել: Տրամադրությունը բարձր էր, ասաց, որ տեղափոխել են Մարտունու Ճարտար քաղաք, և որ հարմար դիրքեր են զբաղեցրել: Ասաց՝ առաջնագծում ճարտարցիներն են,  իրենց տունն են պաշտպանում, իսկ իրենք երկրորդ գծում են: Պայքարել են՝ ով ինչպես կարողացել է»,- պատմում է գյումրեցի հերոսի մայրը:

24-ամյա ժամկետային զինծառայողը հրամկազմի համար վստահելի էր, որովհետև չկար մարտական խնդիր, որ դրվեր Ալեքի առջև, և նա փայլուն չկատարեր:

Ալեքսան Սիմոնյանի մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի բազմաթիվ տեխնիկա, ինչպես նաև մարդուժ:

Արցախյան պատերազմի մասնակից գյումրեցի հերոսը Կարմիրավանի դիրքերից 25 օր հրետանային կրակով չեզոքացրել է թշնամու բրիգադը, ապա տեղափոխվել է Մարտունի, կռվել Կարմիր շուկա — Շեխեր հատվածում, որտեղ էլ հոկտեմբերի 31-ին զոհվել է:

Հրետանավոր, սերժանտ Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը հայրենիքին մատուցած բացառիկ և անձնվեր ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ալեքը

Ալեքը Ալեքը Ալեքը Ալեքը

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close