Նորություններ

«Իշխանությունը կադրային խայտառակ քաղաքականություն վարեց»

Ըստ Կարապետյանցի՝ իշխանությունը կադրային այսպիսի քաղաքականություն է վարում. «Անհրաժեշտ են կադրեր, ովքեր հլու-հնազանդ ենթարկվելու են Նիկոլ Փաշինյանին...»

«Իշխանությունը կադրային խայտառակ քաղաքականություն վարեց իր կառավարման երեք տարիների ընթացքում՝ յուրայիններին նշանակելով պաշտոնների, առանց որևէ հիմնավոր բացատրության»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան  Նինա Կարապետյանցը:

«Այն, որ անվտանգության խորհուրդն իր ֆունկցիան չիրականացրեց, ակնհայտ է, և ցավում եմ, որ այդ պաշտոնին վերանշանակվեց մարդ, ով Հայաստանի համար ամենադժվար պահերին չկարողացավ ԱԽ բովանդակությանը համարժեք գործողություններ իրականացնել: Արարատ  Միրզոյանը գուցե լավ մարդ  է, հավատարիմ ընկեր է Նիկոլ Փաշինյանի համար, բայց կարծում եմ, որ նման կարևորագույն պաշտոններում անհրաժեշտ էր նշանակել պրոֆեսիոնալ կադրի:

«Իշխանությունը կադրային խայտառակ քաղաքականություն վարեց»
Նինա Կարապետյանց

Հայաստանի համար կարևոր այս պահին Մակունցն  ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց, առանց որևէ հիմնավորման: Արդարադատության ոլորտում նշանակվել է Կարեն Անդրեասյանը, ում համարում եմ դրական մարդ, բայց նրան էլ եմ ասել, որ մեծ կասկածներ  ունեմ, որ իրեն թույլ կտան աշխատել:

Նախորդ 3 տարիները  ոչինչ չեն հուշում, որ կա քաղաքական կամք փոփոխություններ իրականացնելու համար: Անգամ եթե նշանակվում են դրական կադրեր, միևնույն է, չկա քաղաքական կամք, ուստի փոփոխություններ ես չեմ ակնկալում»,- նշեց Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով կադրային նոր նշանակումներին:

Կարապետյանցի խոսքով՝ իշխանությունը կադրերին ընտրում է հետևյալ սկզբունքով. բոլոր նրանց, ովքեր իրենց հավատարմությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին:

«Բոլոր այն անձինք, ովքեր կարող են լինել «կամակոր», ովքեր կարող  են չհամաձայնվել վարվող քաղաքականության հետ և իրենց տեսակետը հայտնել, ընդունելի կադրեր չեն: Իշխանությունը ուներ մեծ հնարավորություն՝ ընտրելու մարդկանց, ովքեր պատրաստ էին փոփոխությունների: Իշխանությանն անհրաժեշտ են կադրեր, ովքեր հլու-հնազանդ ենթարկվելու են Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծեց  իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցը 3 տարվա ընթացքում մի քանի անգամ ԱԳՆ և ՊՆ ղեկավարների փոփոխությունը  բացատրում է այսպես.

«Նրանք այն կադրերն են, որոնք չեն ուզում ենթարկվել և չեն ենթարկվում: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ մարդիկ չեն ցանկանում շարունակել աշխատել կամ ընդգրկվել այս իշխանության կազմում: Այնպես որ, ամեն դեպքը պիտի առանձին ուսումնասիրել, բայց, ցավոք սրտի, այս պահին դա հնարավոր չէ, որովհետև մենք չունենք այդպիսի անկախ մարմին, և հեռացող կամ հեռացվող պաշտոնյաներն էլ չեն խոսում կամ խոսում են ակնարկներով: Այնինչ հանրությունը պետք  է իմանա՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել նրանց հեռացման կամ հեռացնելու պատճառը»,- եզրափակեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ից թափուր մնացած գլխավոր դիվանագետի պաշտոնում 3 ամիս անց նշանակվեց 7-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close