ՄիջազգայինՆորություններ

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին 40 կմ-ոց պատ է կանգնեցրել

Վարչապետ Միցոտակիսը հայտնել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ ցամաքային սահմանն Էվրոսի շրջանում առավելագույնս ամրացրել է.

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին տեղադրել է 40 կիլոմետրանոց պարիսպ եւ վերահսկողության համակարգ՝ վախենալով Աֆղանստանից միգրանտների հավանական հոսքից: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է BBC-ն:

«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետևանքներին: Մեր սահմանները կմնան անձեռնմխելի»,-հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը Էվրոսի տարածաշրջան կատարած այցի ընթացքում:

Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղանցի միգրանտների մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Աֆղանստանից գաղթողների թվի կտրուկ աճը կարող է լուրջ խնդիր լինել բոլորի համար:

«Միգրացիայի նոր ալիքն անխուսափելի է, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն Աֆղանստանում և Իրանում»,-ասել է Էրդողանը:

Թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավումը ստիպեց բազմաթիվ աֆղանցիների լքել երկիրը, այդ թվում՝ անօրինական ուղիներով:

Խրիսոխոիդիսի խոսքով ՝ աֆղանական ճգնաժամը նոր նախադրյալներ է ստեղծել դեպի Եվրոպա անօրինական միգրանտների հոսքի ավելացման համար:

2015 թվականին Հունաստանը ԵՄ առաջին երկիրն էր, որը բախվեց միգրացիոն ճգնաժամի, երբ Մերձավոր Արևելքի պատերազմից փախած ավելի քան մեկ միլիոն մարդ Թուրքիայից տեղափոխվեց ԵՄ տարածք:

Փախստականներից մոտ 60.000 մարդ մնացել է Հունաստանում:

Այժմ Հունաստանի իշխանությունները նախազգուշացնում են, որ պատրաստ են հետ ուղարկել բոլոր աֆղանցիներին, ովքեր փորձում են անօրինական կերպով մուտք գործել երկիր:

Անցյալ տարի Աթենքը ժամանակավորապես արգելափակեց ապաստանի դիմումները այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան դռները բացել է ԵՄ մուտք գործող միգրանտների համար:

Վարչապետ Միցոտակիսն ի պատասխան ասել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ ցամաքային սահմանն Էվրոսի շրջանում առավելագույնս ամրացրել է:

Back to top button
Close