Առաջին հայկական եկեղեցին. ծիրանագույն տուֆը կհասնի Մալագա
Եկեղեցու երեսպատման համար պատվիրել են ծիրանագույն տուֆ, որը շուտով Հայաստանից կհասնի Մալագա

Իսպանիայում կառուցվում է առաջին հայկական եկեղեցին՝ գեղատեսիլ Բենալմադենայում՝ Մալագա քաղաքից ոչ շատ մեծ հեռավորության վրա:
Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է դեկտեմբերին հայ համայնքի նախաձեռնությամբ: Նախաձեռնող խմբի անդամներն ակնկալում են, որ այս տարի գուցե հնարավոր լինի ավարտին հասցնել աշխատանքները:
Կենտրոնն իր շուրջը կարող է հավաքել Իսպանիայում ապրող հայ համայնքին: Եկեղեցու կարիքը միշտ է եղել, և ահա ստեղծվել է հնարավորություն՝ ունենալու կենտրոն, որը համախմբող դեր ու նշանակություն է ունենալու: Շինության մի հատվածում թանգարան են ստեղծելու, առաջին հարկում՝ դպրոց: Պարզ ասած՝ տեղ, որտեղ հնչելու է հայերենը:
Եկեղեցու երեսպատման աշխատանքների համար պատվիրել են ծիրանագույն տուֆ: Շուտով այն Հայաստանից կհասնի Մալագա: Սա մտածված որոշում է եղել: Հայաստանի տուֆով է աչքի ընկնելու քաղաքի կենտրոնում կառուցվող եղեկեցին:
Նախաձեռնողների խոսքերով՝ կարիքը կա, որպեսզի հայ համայնքը չլինի պասիվ: Յուրաքանչյուրի ֆինանսական օժանդակությունն այս հարցում անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի մինչև տարեվերջ սկսած գործն ավարտին հասցնել: Ահռելի աշխատանք արվել է, դեռ անելիքներ մնացել են… Շտապում են գործը կիսատ չթողնել:
Մալագայում ապրող հայերը կարևորում են, որ Իսպանիայում հայկական եկեղեցի և դպրոց լինի: Հայապահպանության հարցում սա առանցքային նշանակություն ունի: Վերջին տարիներին ավելի է ավելացել հայերի թիվը: Եթե երեխաներին չտրվի լեզու, պատմություն սովորելու հնարավորությունը, հայ համայնքի ամրությունը պահելը քիչ հավանական կլինի, ասում են նրանք: