Նորություններ

«Հենց Սյունիքո՞ւմ էին ամբողջ խնդիրները կենտրոնացել. այս ամենը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում». իրավապաշտպան

«Ինձ համար դատապարտելի են այդ «մասկի շոուները», մարդկանց ուղղակի կարելի է ուղեկցել ոստիկանություն: Էլի թող բերման ենթարկեն, բայց ոչ էդ ձևով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի և  Իրինա Յոլյանի ձերբակալություններին:

Ալեքսանյանին անհասկանալի  է, թե ինչու է իշխանությունը կենտրոնացել Սյունիքի մարզում, և տպավորությունն այնպիսին է, որ այլ համայնքներում խնդիրներ չկան:

Ժաննա Ալեքսանյան

«Նախընտրական շրջանում ես ինքս եմ ուղիղ եթերով տեսել, թե Սյունիքում ինչ հայհոյանքներով ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, իրենց վատ էին պահում:

Ես կարծում եմ, որ հենց էդ ժամանակ պիտի խուլիգանության համար բերման ենթարկեին, ձերբակալեին: Չմոռանամ նշել, որ նաև  վարչապետն էր քարոզարշավի ժամանակ հայհոյում:

Թող  լինի վարչապետի ասած օրենքի դիկտատուրան, բայց չպետք է միայն Սյունիքի մարզում գործի, պիտի ամբողջ Հայաստանով գործի:

Ես համամիտ եմ, որ Սյունիքում այս պահին տեղի ունեցող ձերբակալությունների մեջ քաղաքական հետապնդման որոշակի տարրեր կան, որովհետև ո՞նց կարող է Սյունիքի մարզում այդքան քաղաքապետեր, համայնքապետեր հետապնդման ենթարկվեն, ինչ  է, մյուս մարզերում չկա՞ն խնդիրներ, հենց Սյունիքո՞ւմ էին ամբողջ խնդիրները կենտրոնացել: Այս ամենը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Ալեքսանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, ու համայնքապետերի հանդեպ նման վերաբերմունքն օրենքի պահանջ չէ:

Վերջինիս խոսքով՝ մարդկանց չեն կարող գետինները քարշ տալով բերման ենթարկել, օրենք են կիրառում, դա պիտի չնվաստացնի մարդու արժանապատվությունը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հակադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքապետեր անցնում են  քրեական գործերով: Համայնքապետերից մի քանիսին ձերբակալել են, իսկ մյուսներն էլ կալանավորված են:

Անահիտ Չալիկյան

Back to top button