Նորություններ

«Ես էդպիսի դեպք չգիտեմ, որ Ադրբեջանի սադրանքներից, հայտարարություններից հետո ինչ-որ մեկն իրերը հավաքի ու Արցախից գնա». Մ. Գևորգյան

«Ստեփանակերտում հիմա կարելի է ասել, որ վիճակը հարաբերական խաղաղ է, բայց պարբերաբար Շուշիից լսվում են կրակոցներ, կարծես թե դա էլ է սովորական երևույթ դառնում: Կրակոցները հիմնականում լինում են գյուղական համայնքների ուղղությամբ, և այնտեղից ավելի լսելի են կրակոցի ձայները, որովհետև սահմանին ավելի մոտ են, քան Ստեփանակերտը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց արցախաբնակ Մարիամ Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ՝ ինչ տեմպի լարվածության օջախներ որ կան Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում, Արցախում նույն տեմպով չէ, բայց այնպես չէ, որ կրակոցներ չկան:

«Արցախում ապրող մարդկանց մտահոգում է Երասխի հատվածի կրակոցները, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային առկա լարվածությունը:

Ինչ վերաբերում է Արցախի ուղղությամբ սադրանքներին, ապա տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից հատկապես Ստեփանակերտը միշտ թիրախում է: Բայց քիչ են այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի սադրանքներին տրվելով՝ հեռանում են: Ես էդպիսի դեպք չգիտեմ, որ Ադրբեջանի սադրանքներից, հայտարարություններից հետո ինչ-որ մեկն իրերը հավաքի ու Արցախից գնա:

Ադրբեջանի սադրանքները կանխատեսելի են, և մարդկանց համապատասխան գերատեսչություններն իրազեկում են, որ դրանք սադրիչ հայտարարություններ են, նպատակ են հետապնդում, որպեսզի Արցախն ամբողջովին հայաթափվի»:

Մարիամ Գեւորգյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների ներկայությունը որոշ մարդկանց մոտ վստահություն ներշնչում է, իսկ որոշների մոտ՝ ոչ. մարդիկ սուբյեկտիվ մոտեցում ունեն:

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ վախեր կան, բայց մարդիկ փորձում են դրանք հաղթահարել, որովհետև իրենց ամեն ինչն Արցախում է:

«Երեկ Մարտակերտի դաշտերում հրդեհ է եղել, այս դեպքում պատճառը անոմալ շոգն է, բայց եղել են դեպքեր, օրինակ, Մարտունիում ադրբեջանցիները դիտմամբ վառել են դաշտերը»,- եզրափակեց Մարիամ Գևորգյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button