Նորություններ

«Եթե մեր ռազմավարական գործընկերներն ուզում են օգնել, և էս պահին էլ մենք դրա կարիքն ունենք, ի՞նչ խնդիր կա». Տավուշում ռուս սահմանապահները տեղակայվելու համար տարածքներ են նայում

Դեռևս նախորդ շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահներ են տեղակայվելու: Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռուսական կամ միջազգային ուժերի տեղակայման հարցը վերջերս նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կառավարության նիստի ժամանակ բարձրացրել:

«Տավուշի մարզի մի շարք գյուղերում առաջիկայում նախատեսվում են ռուս սահմանապահների ուղեկալների տեղակայման աշխատանքներ: Ռուս սահմանապահները մեր պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ եկել են, որոշ տարածքներ են նայում, որպեսզի տեղակայվեն: Այգեհովիտում են նայել, Բերքաբերում… էս պահին չկա վերջնական որոշում, թե որ հատվածներում կտեղակայվեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը:

Բեգինյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ դա արվում է անվտանգությունից ելնելով՝ հղում անելով օրերս կառավարության նիստին վարչապետի կողմից արված հայտարարությանը:

«Մենք կանոնավոր բանակ ունենք, որն ամբողջ բնագծով ապահովում է մեր անվտանգությունը: Ես ցավով եմ նշում, որ մենք պետք է հիմա ուժեղ պետություն լինեինք, բայց էդպես չէ, և այսօր սահմանի երկայնքով մենք միայնակ չենք կարող պաշտպանել մեր սահմանը, և ռուս սահմանապահներն են օգնում մեզ: Մենք լավագույն հնարավորությունն ենք ունեցել, բայց էսքան տարիների ընթացքում չօգտագործեցինք և ներսից թուլացանք՝ այլ արժեքներ դնելով, այլ արժեքներ մտցնելով»,- եզրափակեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը:

Բերքաբեր համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ՝ այս պահին իրենց համայնքում չկան ռուս սահմանապահներ:

«Երբ պաշտոնապես մեզ հայտնեն, այն ժամանակ պարզ կլինի՝ նաև բնակչությունը ինչպես կարձագանքի դրան: Էս պահին անգամ մարզպետի մակարդակով չեն եղել քննարկումներ»:

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտարարեց.

«Առայժմ որևէ քննարկում չի եղել, բայց խոսակցություններ կան: Մեզ նաև չեն ասել նրանց գալու առաքելության մասին, հետևաբար ոչ կարող ես դրական բան ասել և ոչ էլ բացասական: Էդ ամենը խոսակցությունների մակարդակում է, և անգամ ճիշտ չեմ համարում էդ մասին քննարկելը, երբ պաշտոնական տեղեկատվության չենք տիրապետում:

Ինձ համար ռուս սահմանապահների տեղակայումն ընդունելի է, եթե դա բխում է մեր սահմանների անվտանգությունից, սահմանի հետ կապված ցանկացած օգնություն ես ընդունում եմ:

Եթե մեր ռազմավարական գործընկերները ուզում են օգնել, և էս պահին էլ մենք դրա կարիքն ունենք, ի՞նչ խնդիր կա»,- եզրափակեց Հարություն Մանուչարյանը:

ԳԱԼԱ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից, ով նշեց, որ առհասարակ նման հարցերով մեկնաբանություն չի տալիս: Գրեթե նույն արձագանքը ստացանք նաեւ Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանից:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button