Նորություններ

ԱՀ դատախազությունը սկսել է պատերազմի հետեւանքով վնաս կրածներին աջակցության օրինականության ուսումնասիրություն

ԱՀ կառավարության 03.06.2021թ. N 579-ն որոշմամբ հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը, որում սահմանված են շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, աջակցության չափը, տեսակները եւ այլն:

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ տարբեր համայնքներ կատարված այցելությունների եւ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս կողմից բանավոր բարձրաձայնվել են պետական աջակցության հիշյալ ծրագրի, դրանից օգտվելու համար տեղեկությունների հավաքագրման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք առերեւույթ վկայել կամ կարող են վկայել կոռուպցիոն դեպքերի առկայության, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ նմանատիպ այլ երեւույթների մասին: Նշված ոլորտում հնարավոր ապօրինի երեւույթները վեր հանելու, կանխարգելելու կամ բացառելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազությունը եւ շրջանային դատախազությունները սկսել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:

Նկատի ունենալով, որ պետական աջակցության վերոհիշյալ ծրագրից օգտվելու հիմք են հանդիսանում, ի թիվս այլոց, նաեւ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից տրված` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքները, որոնց բովանդակության` իրականության համապատասխանությունը եւս հանդիսանալու է դատախազական ուսումնասիրության առարկա, ուստի կոչ ենք անում հիշյալ մարմիններին ողջամիտ ժամկետում կատարել պետական լիազոր մարմիններին ներկայացնելու համար տրված տեղեկանքների բովանդակության վերստուգում` անճշտություններ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկելով դրանք վերացնելու եւ շտկելու ուղղությամբ:

Back to top button
Close