ՄիջազգայինՆորություններ

«Թալիբան»-ի զինյալները շարժվում են դեպի մայրաքաղաք

«Թալիբան» շարժման զինյալները գտնվում են Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա, քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումներ կան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Աֆղանստանի մայրաքաղաքում գործող Pangea իտալական մարդասիրական կազմակերպության նախագահ Լուկա լո Պրեստին:

Ըստ նրա՝ կազմակերպության 22 աշխատակից`աֆղանցի կանայք, մնում են Քաբուլում, ովքեր օգնում են տեղի հազարավոր բնակիչների՝ հիմնականում կանանց և երեխաներին: Աջակցությունը վերաբերում է բժշկությանը, միկրովարկավորմանը և երեխաների կրթությանը:

«Մենք շատ անհանգստացած ենք, քանի որ թալիբները գտնվում են Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա: Այսօր առավոտյան նրանք էլեկտրամատակարարող մալուխները կտրել են, քաղաքը գրեթե մեկուսացած վիճակում է»,-ասել է Լո Պրեստին:

Նա ավելացրել է, որ փորձում են ուղիներ գտնել աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար և հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աշխատել բնակչությանն աջակցելու համար:

Լո Պրեստին Քաբուլի գրավումը համարում է անխուսափելի, քանի որ թալիբների հարձակումը, նրա կարծիքով, «հնարավոր չէ արգելակել»:

«Աշխարհը թաքնված է ռազմական պարտության ամոթի ետևում»,-ասել է Լո Պրեստին՝ հավելելով, որ մտադիր է Իտալիայի կառավարության հետ քննարկել Աֆղանստանի տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը:

Back to top button
Close