Նորություններ

«Իրանի համար, ըստ էության, Հայաստանի տարածքում անկարևոր որևէ հատված չկա». ինչու՞ էր Իրանի դեսպանն այցելել Գեղարքունիքի մարզի դիրքեր

Օրերս Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այցելել էր Գեղարքունիքի մարզ։ Հայաստանում Իրանի դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ, ընդգծել է դրանց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ դեսպանի այցը հատկապես Գեղարքունիքի մարզ իր մեջ մի քանի կարևոր ուղերձ է պարունակում, և ակնհայտ է, որ Իրանի դեսպանի՝ Գեղարքունիքի մարզի դիրքեր այցելությունից հետո լուրջ անհանգստություն և մեծ շփոթություն է ի հայտ եկել Ադրբեջանում:

«Չնայած այն սպասումներին, որ Իրանի համար շատ ավելի հետաքրքիր է կամ շատ ավելի կարևոր է Սյունիքի մարզը, դեսպանը այցելեց Գեղարքունիքի մարզ: Ինչը նշանակում է, որ Իրանի համար, ըստ էության, Հայաստանի տարածքում անկարևոր որևէ հատված չկա, և Գեղարքունիքի մարզը նույնքան կարևոր է, որքան Սյունիքի մարզը:

Մյուս կարևոր ուղերձը, որն ակնհայտորեն որսացել է նաև ադրբեջանական կողմը, այն էր, որ Գեղարքունիքի մարզը Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Քարվաճառի տարածաշրջանի անմիջական հարևանությամբ է, և երբ Իրանի դեսպանը և իրանական պատվիրակությունը, դատելով լուսանկարներից, դիտարկում են թշնամական տարածքը, դա նույնպես ուղերձ էր Ադրբեջանին:

Վարդան Ոսկանյան

Քարվաճառը նաև ադրբեջանական կողմի գնահատականներով՝ իրենց համար ամենախոցելի տարածքներից մեկն է, որովհետև ունի կղզիացած կարգավիճակ և Ադրբեջանի համար լի է մարտահրավերներով:

Իրանական կողմի այցը Քարվաճառին հարակից առաջնագիծ ադրբեջանական կողմում լրացուցիչ անհանգստություն է ի հայտ բերել:

Մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է շեշտել, իրանական գործողությունների գնահատականն է: Իրանն աշխատում է ասիմետրիկ ձևաչափով, և դա անսպասելի էր Ադրբեջանի համար»,- ընդգծեց իրանագետը:

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարման օրոք, ըստ Ձեզ, ինչպե՞ս կզարգանան հայ-իրանական հարաբերությունները:

Հարցադրմանն ի պատասխան՝ Վարդան Ոսկանյանը հայտարարեց.

«Դա կախված է նաև հայկական կողմից, և ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար ունեն կարևոր նշանակություն: Այս առումով պետք է խրախուսելի և գովելի համարել Իրանի դեսպանի՝ Երևանում դրսևորած վարքագիծը, որը շատ հավասարակշիռ է և շատ կարևոր դերակատարություն է իրականացնում, իսկ Գեղարքունիքի մարզ կատարած այցը դրա ցուցիչն է»,- հայտարարեց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը, հայտարարեց.

«Իրականում գործ ունենք արարողակարգային այցի հետ, բայց կարևոր էր, որ այդ այցի ընթացքում իրանական կողմը շեշտադրեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը, ինչպես նաև Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցում Հայաստանի մասնակցությունը:

Այս խնդիրները ունեն ոչ միայն տնտեսական կարևորություն, այլ նաև չափազանց կարևոր են ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների խորապատկերը հաշվի առնելով, որովհետև Հայաստանն իրանական կողմից դիտարկվում է հիմնական կապող օղակը ԵԱՏՄ մնացյալ տարածքի հետ:

Մենք գիտենք, որ բոլոր այն ծրագրերը, որոնք առնչվում են Սյունիքին կամ առհասարակ Հայաստանին, այժմ ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն, այլ նաև աշխարհաքաղաքական, նաև անվտանգային բաղադրիչ: Ուստի իրանական կողմը շահագրգիռ է, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն»,- եզրափակեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close