ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

Սամվել Բալասանյանը խորամանկում է. 1 մլն ԱՄՆ դոլարի գնման գործընթացին ի՞նչ մասնակցություն ունեն Բալասանյանները

Նախնական շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար գումար՝ Գյումրիի համայնքապատկան թվով 50 շենք-շինությունների վրա արևային համակարգեր տեղադրելու համար: Սա սուբվենցիոն ծրագրի նախնական արժեքն էր: Գյումրիի բյուջեի ներդրման մասնաբաժինը կազմելու էր 304 մլն դրամ: Գյումրիի քաղաքապետարանը հաշվարկ էր արել, որ արևային համակարգերի տեղադրման արդյունքում զգալի կնվազեն համայնքապատկան կառույցների ծախսերը:

Այս ծրագիրը նախ հաստատվեց կառավարության կողմից, ապա ներկայացվեց Գյումրիի ավագանուն: Հաջորդ քայլը մրցույթի կազմակերպումն էր:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամների հարցադրումներին, թե ինչ երաշխիքներ կան, որ հենց իր որդին մասնակցություն չի ունենա այս գործընթացին, և «յուղոտ պատառը» չի գնա Բալասանյանների ընտանեկան բյուջե, ավագանու նիստի ժամանակ նախ փորձեց հերքել, իբրև իր ընտանիքը չի զբաղվում արևային համակարգերի գործերով, բայց որպեսզի փարատի կասկածները, խոստացավ՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու:

Մրցույթը կայացավ: Գյումրի քաղաքի ֆոտովոլտային կայանների կառուցման շինաշխատանքների հայտարարության հրավերի պահանջներին համապատասխանող 4 հայտ է ներկայացվել:

Չորս ընկերություններից մեկը «ՌՈՍՏՈՐԳ» ՍՊԸ-ն է, տնօրենը Սահակ Սահրադյանն է՝ Բալասանյանի նախկին խորհրդականը, նրա որդիների մտերիմը: Պարզ ասած՝ մեկը, ում անունը հաճախ է շահարկվում գնումների գործընթացում այն պարզ պատճառով, որ Բալասանյանները երբեմն նրա միջոցով են քաղաքապետարանի բյուջեից գնումներ կատարել:

Եվ ահա Սահրադյանի ներկայացրած կազմակերպությունը չի հաղթել, այլ հաղթել է «Գլոբալ Սոլար Սիստեմ» ՍՊԸ-ն, որի իրավաբանական և գործունեության հասցե նշված է Արմավիրի մարզ, գյուղ Դաշտ: Ընկերության տնօրենը Հասմիկ Բալայանն է:

Իբրև ապացույց, որ մրցույթում չի հաղթել Բալասանյանի որդի Խաչատուրը՝ իր մտերիմ Սահակ Սահրադյանի միջոցով, Սամվել Բալասանյանը մրցույթի բացման մասին տեղեկացրել էր ԳԱԼԱ խմբակցությանը:

Հաշվի առնելով Գյումրիի քաղաքապետարանի գնումների արատավոր պրակտիկան, հատկապես Բալասանյանների՝ այլ անուններով ձևակերպված ընկերությունների մասնակցությունը տարբեր մրցույթներին, այս մրցույթը ևս կասկածի տեղիք տվեց:

«Յուղոտ պատառը» հեշտությամբ չէին զիջի…

«Գլոբալ Սոլար Սիստեմ» ՍՊԸ-ի գործունեության մասին որևէ տեղեկություն, արված աշխատանք չհայտնաբերեցինք: Որևէ այլ մրցույթի երբեք չեն մասնակցել, չկա փորձ առավել ևս արևային պանելների տեղադրման գործում, չկա որևէ ինֆորմացիա. պարզ ասած՝ չկա ոչինչ:

Դիմեցինք Արդարադատության նախարարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի օգնությանը: Պարզվեց՝ այդ ընկերությունը հիմնադրվել է այս տարի, ընդամենը մի քանի ամիս առաջ: Ընկերության բաժնեմասի 100 տոկոսը Բալայան Հասմիկինն է: Ընկերության բաժնետերը որևէ այլ տեղ երբևէ բիզնես չի ունեցել:

Ընկերության գտնվելու վայր ռեգիստրում նշված է Դաշտ գյուղը: Որպես իրավաբանական հասցե ևս նշված է հիշյալ գյուղը: ԳԱԼԱ-ն կապ հաստատեց Դաշտ համայնքի գյուղապետի հետ, ով պնդեց՝ իրենց գյուղում չկան արևային համակարգեր տեղադրող ընկերություն և առհասարակ Բալայան ազգանունով բնակիչներ:

Պարզ ասած՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրին գործունեության վայրի կեղծ տվյալ է ներկայացվել:

Այն, որ ընկերությունն անհայտ ծագման է, որ չունի արված որևէ աշխատանք, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներին չի հետաքրքրել: Հետաքրքրվողներին էլ կշտամբում են՝ հետո՞ ինչ՝ ով է հաղթել, կարևորը լավ գործ ենք անում: Տնօրենին չեն տեսել, ցանկություն էլ չկա տեսնելու: Քաղաքապետարան եկել է այլ անձ՝ լիազորագրով:

«Գլոբալ Սոլար Սիստեմ» ՍՊԸ-ի գործունեության տեսակը, հարկային ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրն է:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացրած փաստաթղթերում գտանք գտնվելու վայրի հեռախոսահամարը: Հավաքեցինք այդ համարը՝ այն ակնկալիքով, որ զրուցելու ենք հաղթած ընկերության տնօրեն Հասմիկի հետ: Զանգին պատասխանեց Գյումրիի համատիրություններից մեկի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը:

Սահակ Սահրադյանի մերձավոր Վլադիմիր Հովհաննիսյանը մեր ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև մի քանի տարի առաջ, երբ համայնքից գումար էր ստանում և բաղնիքի ու վարսավիրական ծառայություն մատուցում գյումրեցիներին: Նա «Պլատֆորմ» ընկերության ներկայացուցիչն էր: Այն «Պլատֆորմի», որի նախկին տնօրենը Սահակ Սահրադյանն էր: Եվ միայն աղմկոտ լուսաբանումներից հետո, որ միլիոնավոր դրամներ է համայնքի բյուջեից դուրս գրվում հօգուտ Բալասանյանի խորհրդականի, Սահրադյանը ընկերությունը արագորեն ձևակերպեց մեկ այլ անձի անունով:

Վլադիմիր Հովհաննիսյանը նախ զարմացավ մեր զանգից, առավել զարմացավ, երբ նշեցինք, որ իր հեռախոսահամարը ռեգիստրի տվյալներում է: Հետոն ավելի ուշագրավ էր:

Պարզվեց՝ Հասմիկ Բալայանը համատիրության ղեկավարի քույրն է, բայց ըստ վերջինիս՝ քույրն առհասարակ չի զբաղվում ընկերության հետ կապված հարցերով, այլ փեսան է ներգրավված պրոցեսներում՝ Արգիշտի Բալայանը: Վերջինս էլ համառորեն պնդեց՝ կինը ոչ մի առնչություն չունի ընկերության հետ: Երբ է հիմնադրվել ընկերությունը՝ անտեղյակ Արգիշտի Բալայանը նախ ժամանակ խնդրեց, հետո հայտարարեց՝ շտապ մեկնում է Մոսկվա: Որտե՞ղ է ընկերության գործունեության հասցեն, Արգիշտի Բալայանը սա էլ չգիտի: Էլի պիտի հստակեցնի: Երկար պատրաստվելուց հետո համաձայնեց հեռախոսով զրուցել… Մրցույթի մասին իմացել է ինտերնետից: Արևային կայանների գործով իբր զբաղվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ աշխատելու փորձ չունի:

Ընկերությունում նկարահանումներ իրականացնելու մեր պնդմանն ի պատասխան կրկին ասաց՝ շտապում է: Երկուշաբթի կխոսի: Բայց կնոջը իր հետ չի բերի:

Անդրադառնանք ներկայացված հայտերին:

Ուշագրավ մեկ նկատառում. գործել են այնքան անփույթ և հանդուգն, որ Սահակ Սահրադյանի «Ռոստորգ» ՍՊԸ-ի և ոմն Հասմիկ Բալայանի ներկայացրած նախահաշիվները բացարձակ նույնն են՝ երկվորյակ փաստաթղթեր… Երկուսն էլ ներկայացրել են 133 էջանոց նախահաշիվ՝ ստորակետերի, կետերի և թվերի բացարձակ կրկնությամբ: Անգամ բավական է ուսումնասիրել այս երկու ընկերությունների նախահաշիվները, որպեսզի պարզ դառնա, որ երկու ՍՊԸ-ների նախահաշիվները կազմել է 1 մարդ՝ բառ առ բառ նույնությամբ արտագրված:

Կարող ենք ենթադրել, որ գլխացավանքից խուսափելու համար քաղաքապետարանը չի ստորագրի պայմանագիր այս ընկերության հետ: Իսկ եթե որոշեն, այնուամենայնիվ, մինչև վերջ գնալ, ուշագրավ կլինի հետևել՝ ինչպես են Հասմիկ Բալայանը ու նրա ամուսինը, որոնց պարզապես ներքաշել են պրոցեսների մեջ, սկսելու 50 ՀՈԱԿ-ների վրա ֆոտովոլտային կայանների կառուցման շինաշխատանքները…

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close