Նորություններ

«Ադրբեջանն իր լկտի պահվածքից չի հրաժարվի. Արցախում վհատություն սերմանելով փորձում է հուսալքել բնակիչներին». Դավիթ Բաբայան

Վերջին շրջանում թշնամին Արցախում կարծես թե կրկին ակտիվացել է. ադրբեջանական զինուժն Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել, նաև փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանցիները նաև լկտի սադրանքներ են իրականացնում խաղաղ բնակչության դեմ՝ խոչընդոտելով մեքենաների երթևեկությանը, կրակոցներով, հայհոյանքներով և տարբեր այլ եղանակներով խախտելով մարդկանց անդորրը։ Ինչքանո՞վ են այսօր պաշտպանված մեր բնակիչները նրանց անկանխատեսելի գործողություններից, և ի՞նչ անելիք ունեն Արցախի իշխանություններն ու ռուս խաղաղապահները:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայան

«Ադրբեջանի այսպիսի պահվածքը կանխատեսելի է, և այստեղ որևէ նոր բան չկա: Մենք երկար տարիներ առնչվում ենք այս երկրի հետ և պետք է լավ պատկերացնենք՝ ում հետ գործ ունենք:

Բնական է, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը մի շարք նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին ուզում է, որ Արցախից բնակչության արտահոսք լինի: Ադրբեջանն Արցախում վհատություն սերմանելով փորձում է հուսալքել բնակիչներին, որ մարդիկ մտածեն՝ Արցախում ապագա չկա, և հեռանան Արցախից: Ադրբեջանն այսպիսով փորձում է ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով՝ հասնել իր նպատակին:

Երկրորդ նպատակը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը կամ ապաքինմանը խոչընդոտելն է: Ադրբեջանն ուզում է փակել անգամ մարդասիրական նպատակներով եկող բեռնատարների ճանապարհը: Այդպես է անում, որպեսզի վաղը լծակ ստանա նաև վերահսկելու մայր Հայաստանից Արցախ այցելողների թիվը: Այսինքն՝այդկերպ խեղդում է Արցախին:

Ադրբեջանի մյուս նպատակն այն է, որպեսզի խարխլի ռուսական խաղաղապահ առաքելությունը և հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, որպեսզի մարդիկ ասեն՝ բա ինչի՞ ռուսը չի կրակում, ինչո՞ւ էս չի անում, էն չի անում։ Փորձում են ցույց տալ, որ ռուսներն ի վիճակի չեն պահպանել կայունությունը: Ադրբեջանը բազմակի քաղաքականություն է վարում իր նպատակներին հասնելու համար»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախարարը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է շատ հստակ հասկանալ, որ Ադրբեջանն իր լկտի պահվածքից չի հրաժարվի, ուղղակի պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ սադրանքներին կուլ չգնանք:

Նախարարի փոխանցմամբ՝ այս պահին Արցախում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է:

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնենք մեր ոգին, էլ ավելի ամրապնդենք հավատքը, այլ տարբերակ մենք չունենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Օրերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր Հայաստանում: Հայաստանի պաշտպանության նախարարը Զասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս շրջանում կտրուկ փոխվեց մեր ռազմական ղեկավարության հռետորաբանությունը, և արդյո՞ք այն ուշացած չէր:

Արցախի ԱԳ նախարարը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա, այս պահի դրությամբ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը եղբայրական երկրների հետ, և մեզ պետք է, որպեսզի շատ արագ դուրս գանք այս սթրեսից:

Ընդհանրապես պետք է ցանկացած քայլ շատ լավ մտածել, հետո նոր դրանք իրականացնել:

Պիտի ճիշտ քաղաքականություն վարել և հայրենասիրությունն այլ ավելի բարձր մակարդակի հասցնել, միայն այդ դեպքում է հնարավոր հաղթահարել այս իրավիճակը»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button