Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Տաջիկստանում անհանգիստ են. թալիբները ծավալվում են սահմաններին, իսկ տաջիկ զինյալները՝ ակտիվանում. Le Temps

«Ավարտվեց Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի համատեղ 6-օրյա զորավարժությունն Աֆղանստանի հյուսիսային սահմանների մոտ՝ Տաջիկստանում, որտեղ գտնվում է ՌԴ ամենամեծ արտասահմանյան ռազմաբազան: Զորավարժությանը մասնակցեց շուրջ 2500 զինծառայող: Զորավարժություններն ուղղված էին Աֆղանստանի հարևանների և նախկին խնամակալ-պետության միջև համակարգման բարելավմանը: Մոսկվան կցանկանար վերականգնել տարածաշրջանային անվտանգության համակարգում իր կենտրոնական դերը, եւ անգամ նորից վերահսկել 1300 կմ ձգվող տաջիկա-աֆղանական սահմանը»,- գրում է շվեյցարական Le Temps պարբերականի լրագրող Էմանուել Գրինշպանը:

«Մոսկվան ժամանակ առ ժամանակ մատնանշում է բռնություններն Աֆղանստանում՝ որպես այդ սահման վերադառնալու պատճառ: Վերջերս Ռուսաստանն այնտեղ շտապ գործուղեց ռազմական խորհրդատուների: Կարծում եմ, որ սահմանների իրական վերահսկողության գործառույթին վերադառնալը քիչ հավանական է, բայց մյուս կողմից այս շաբաթվա զորավարժությունները ենթադրում են, որ մենք կտեսնենք ավելի շատ ռուսական աջակցություն անվտանգության հարցերում»,- կարծիք է հայտնել Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր և Կենտրոնական Ասիայի անվտանգության հարցերով փորձագետ Էդվարդ Լեմոնը:

«Նախկին սոցիալիստական ​​հանրապետությունները վախենում են ոչ այնքան թալիբների ռազմական ներխուժումից, որքան զինյալների ներթափանցումից, որոնք ձգտում են ապակայունացնել խորհրդային համակարգին փոխարինած ավտորիտար ռեժիմները: Նախորդ տասնամյակներում Ուզբեկստանում և Տաջիկստանում ընդդիմադիր զինված խմբերը, տարբեր հաջողություններով, ապաստան գտան Աֆղանստանի հողում: Որոշ խմբեր միացել են «Թալիբան» շարժմանը»,-նշվում է հոդվածում:

«Այստեղից էլ գալիս է Դուշանբեի նյարդայնությունը: Թալիբները, որոնք արդեն վերահսկում են սահմանի մեծ մասը աֆղանական կողմից, այն դիտարկելու համար ուղարկել են տաջիկ զինյալներին: Ենթադրվում է, որ նրանք անդամագրված են «Ջամաաթ Անսարուլլահ» խմբավորմանը, որը ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Էմոմալի Ռահմոնի ռեժիմի նկատմամբ»,-գրում է Le Temps-ը:

««Ջամաաթ Անսարուլլահը» կարող է փորձել ներթափանցել Տաջիկստան: Դեռ հայտնի չէ, թե ինչպիսին է թալիբների ղեկավարության իրական վերահսկողությունը, եթե այդ խմբերը փորձեն շարժվել դեպի հյուսիս», — ասում է Էդվարդ Լեմոնը:

«Թալիբները շարունակում են վստահեցնել հարևան երկրներին՝ Չինաստանին և Ռուսաստանին, որ իրենք մտադրություն չունեն միջամտել նրանց ներքին գործերին կամ թաքցնել արտերկրում հարձակումներ ծրագրող ահաբեկչական խմբավորումներին: Բայց վստահության մթնոլորտ չի տիրել, հատկապես Տաջիկստանում, որը միշտ «անհանգիստ» հարաբերություններ է ունեցել «Թալիբան» շարժման հետ: Թե՛ էթնիկ պատճառներով (մոտ 5 միլիոն տաջիկ ապրում է Աֆղանստանի հյուսիսում և պատմականորեն թշնամաբար է տրամադրված թալիբների նկատմամբ), թե՛ քաղաքական պատճառներով նախագահ Էմոմալի Ռահմոնի ավտորիտար ռեժիմը չի հանդուրժի որևէ ընդդիմություն, առավել եւս մուսուլմանական կրոնական կուսակցության ձեւաչափով»,-մեկնաբանում է հոդվածի հեղինակը:

«Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր և հակամարտությունների փորձագետ Անտոնիո Ջուստոցին կարծում է, որ «Թալիբանը» անվտանգության ապահովման իր գործողությունները պայմանավորում է հարևան երկրների կողմից՝ իրենց իշխանության ձգտման լեգիտիմության ճանաչմամբ: Նույնիսկ եթե դա տեղի ունենա, վստահություն չկա, որ թալիբները կկարողանան վերահսկել Աֆղանստանում ցրված իսլամիստական ​​խմբավորումների գործունեությունը, քանի որ դրանցից ոմանք (օրինակ՝ «Իսլամական պետությունը») ըստ էության թշնամաբար են տրամադրված «Թալիբանի» նկատմամբ»:

 

Աղբյուր՝  Le Temps

Back to top button
Close