Նորություններ

Առաջիկայում առնվազն 3 կարևոր տարածաշրջանային երկրներում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվելու, պետք է կատարել ճիշտ ընտրություն. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային առնվազն 3 կարևոր երկրներում ՀՀ նոր դեսպանների նշանակման խնդիր կա, որի լուծումը պետք է օրակարգային առաջնակարգ հարց դառնա հատկապես հետպատերազմյան մի շարք իրողությունների համատեքստում։

Առաջիկայում լրանում է Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանների պաշտոնավարման ժամկետը, Իրաքում արդեն նախկին դեսպանը գլխավորելու է մեկ այլ կարևոր երկրում՝ Եգիպտոսում ՀՀ դիվանագիտական առաքելությունը։ Ռազմավարական նշանակության հարց է նշված երկրներում դեսպանների ճիշտ նշանակումը, որոնց ընտրությունը կարող է լինել նաև ոչ դիվանագիտական անձնակազմից։

Իրանում Արտաշես Թումանյանը, Վրաստանում Ռուբեն Սադոյանը, չլինելով կադրային դիվանագետներ, իրենց հմուտ դիվանագիտական թիմերով ողջ գործունեության ընթացքում և տիրույթում շոշափելի դինամիկա են մտցրել երկկողմ հարաբերություններում։ Եթե հարևաններ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների նշանակությունը դժվար է թերագնահատել, ապա Իրաքի կարևորությունը առավել լայն՝ մերձավորարևելյան մակարդակում է։ Առնվազն կարճաժամկետ հեռանկարում Բաղդադը չափազանց կարևոր դերակատարում է ունենալու տարածաշրջանային գործընթացներում՝ մի կողմից որպես լրջագույն դիվանագիտական նախաձեռնությունների հրապարակ, մյուս կողմից՝ որպես առանցքային անվտանգային մարտահրավերներին դիմագրավող առաջնային սուվերեն պետություն։

Հետևաբար, Իրաքում ուժեղ դիվանագիտական ներկայություն ունենալը կնշանակի նաև հնարավորություն՝ զգալու ամբողջ տարածաշրջանի պուլսը ևս։ Առավել ևս, երբ այդ երկրի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացվել արդեն պրոֆեսիոնալ դիվանագետ Հրաչյա Փոլադյանի պաշտոնավարման ընթացքում։ Այնպես որ, նշված 3 երկրներում էլ նշանակվելիք դիվանագետների համար սահմանված նշաձողը պետք է լինի առնվազն առկա տեմպը հնարավորինս գերազանցելը, մանավանդ, երբ օբյեկտիվորեն ձևավորված է գործունեության լայն միջավայր։

Արմեն Պետրոսյան

regionmonitor.com

Back to top button