Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններՏնտեսական

Սպանախով տորթ. համտեսել միայն Գյումրիում… ո՞վ է խոհանոցում հրաշքներ գործում

«Նազուկ» խանութ-սրճարան այցելողները բարդ ընտրության առաջ են կանգնում. համեղ և ախորժալի թխվածքներից ո՞րն ընտրել: Գեղեցիկ բազմազանության մեջ հաղթում է սրճարանի այցեքարտ համարվող սպանախով տորթը:

Հայաստանի տարբեր վայրերից են գտնում «Նազուկ»-ի հասցեն՝ այս նրբահամ թխվածքը վայելելու համար, ասում է սրճարանի հիմնադիր Զարուհին, ով անձամբ է խոհանոցում հրաշքներ գործում: Գլուխգործոցն իհարկե սպանախով տորթն է, սակայն անընդհատ փորձում է գերազանցել ինքն իրեն, նուրբ համերի համադրությամբ ստեղծել թխվածքներ, որոնք չես գտնի խանութներում:

Զարուհին հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում է ապրել, սովորել, աշխատել: Նախքան Հայաստան տեղափոխվելը, երբ մի քանի անգամ եկավ Հայաստան, հասկացավ, որ ինքն այստեղ է ուզում ապրել:  Չնայած վարժ չի խոսում հայերեն, գրել-կարդալ փորձում է հիմա սովորել, բայց դա իրեն չխանգարեց: Հաստատակամորեն հավաքեց ճամպրուկը, հրաժեշտ տվեց ընտանիքի անդամներին և տեղափոխվեց Հայաստան:

Որոշ տեղեր աշխատելուց հետո հասկացավ, որ իրենն է ուզում ստեղծել և մեծ ջանքերի գնով հիմնադրեց «Նազուկ» սրճարանը:

 

Ռիսկերը մանրամասն հաշվի էր առել, պլանավորել անելիքները:  Հաշվել՝ երբ կսկսի եկամտով աշխատել, հետ բերել ներդրումները, ընդլայնել գործունեությունը: Մեկ բան սակայն հաշվի չէր առել՝ պատերազմն իր ողբերգական հետևանքներով…

Զարուհու խոսքերով՝ չափազանց դժվար է աշխատել, դեռևս ներդրումները հետ բերելու մասին խոսելը վաղ է համարում, առայժմ ճգնաժամն են փորձում հաղթահարել: Չնայած դրան՝ ստեղծածը փակելու և հեռանալու մասին չի ուզում մտածել. եթե ամեն օր հետևողականորեն քո գործն ես անում, անում ես խնամքով, յուրաքանչյուր դետալ հաշվի առնելով, ուրեմն չես կարող հաջողության չհասնել:

«Նազուկ»-ը գյումրեցիների համար ջերմ և հյուրընկալ վայր կարող է դառնալ, ասում է Զարուհին: Մինիմալիստական ոճով է կահավորել սրճարանը, այցելուների անունները անմիջապես գրում է բաժակներին. փոքրիկ վերաբերմունք է, բայց ժպիտ առաջացնող:

Ո՞րն է իր նրբահամ թխվածքների գաղտնիքը, ի՞նչ կա բաղադրատոմսում, որը անկրկնելի համ է պարգևում: Զարուհին չի թաքցնում՝ կան կարևորագույն  հավելումներ, առանց որոնց իր թխվածքները այսպիսին չէին լինի: Հիմնական բաղադրատոմսին ավելացնում է ժպիտ, սեր, բարձր տրամադրություն և… բարի ախորժակ:

Back to top button
Close