Նորություններ

Երբ որ դու քո մարմինը վահան ես դարձնում ընկերոջդ համար, դա առավելագույնն է. Հայկ Տեր-Մկրտչյան

«Սեպտեմբերի 27-ին ծառայության մեջ էի, առավոտյան իմացանք, որ պատերազմ է սկսվել Արցախում, իհարկե անակնկալի եկանք, բայց գիտակցում էինք, որ վաղ թե ուշ պատերազմ լինելու է: Կարողացանք շուտ մոբիլիզացնել ուժերը և շուտ հասնել դեպքի վայր, չնայած, որ ես հոկտեմբերի 2-ից եմ եղել Արցախում: Հասնելուն պես արագ մարտի բռնվեցինք հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ: Կռվի առաջին պահերին անսովոր զգացողություն էր… մի պահ չես հասկանում, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ, բայց երբ խուսավարում ես հակառակորդի փամփուշտներից կամ ականներից, արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում ու դառնում սովորական առօրյայիդ մի մասը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմի մասնակից Հայկ Տեր-Մկրտչյանը։

Հայկը 2019թ.-ին ավարտել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը և որոշել, որ շարունակում է ծառայությունը Հայրենիքին։ 2019թ.-ից  ծառայության է անցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Մեր երկիրը վաղուց ի վեր շրջապատված է թշնամիներով, և զինվորականների պահանջ միշտ էլ կա: Զինվորական գործն ամենապատասխանատու գործերից մեկն է, իսկ ես միշտ ձգտել եմ դեպի պատասխանատվությունը, չեմ փորձել ինչ-որ պատասխանատու գործից խուսափել: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից հետո մի տեսակ հոգեհարազատ դարձավ զինվորականի համազգեստ կրելը, այդ գործով զբաղվելը: Եվ հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակեմ ծառայել հայրենիքիս»,- շարունակում է երիտասարդ զինվորականը։

Հայկն ասում է, որ կռվի ժամանակ արթնանում է գիտակցումը, որ դու մարտիրոսվելու ես հանուն հայրենիքի, և դա քեզ ուժ է տալիս.

«Գիտակցում, որ դու մենակ չես, ընկերդ պատրաստ է քեզ հետ ելնել մահաբեմ, և այդ ամբողջ ուժը, էներգիան կրկնապատկվում է:

Կռվելուց առաջինը եղբորս մասին եմ մտածել… մի տեսակ հանգստություն էի զգում, որ գիտեի եղբայրս մարտի դաշտում չէր, իսկ մնացած մտածմունքներն իմ համար այդ պահին երկրորդական էին թվում:

Երբ որ դու քո մարմինը վահան ես դարձնում ընկերոջդ համար, դա առավելագույնն է։

Մտածել պետք է կռվի դաշտում, բայց միայն կռվի ու քո զինակից ընկերների, ամենաանհավատ մարդն էլ կռվի դաշտում դառնում է հավատացյալ, բայց ավելի լավ է  հավատալ ուժեղ ընկերոջդ, քան «թույլ» Աստծուն»,- ասում է արցախյան պատերազմի մասնակից զինվորականը։

Հայկի խոսքով՝ եթե ուրիշ մտքերը քեզ կարողացան տիրել կռվելու ժամանակ,  ուրեմն քո ճակատագիրն արդեն կանխորոշված է։

«Պատերազմում վախը տարբեր է լինում: Մեկը վախենում է մեռնելուց, մյուսը վախենում է սպանելուց, մեկ ուրիշը վախենում է կտոր-կտոր եղած մարդկանցից, իսկ մյուսը վախենում է կրակելուց: Բոլորն էլ վախենում են, բայց պետք է  դնել դա մի կողմ, հոգով ուժեղները միշտ ձգտում են հաղթանակի: Եթե վախեցար կռվի ժամանակ ու չվերացրեցիր դա քո միջից, ուրեմն դու արդեն դատապարտված ես: Եթե դու կանգնած ես կյանքի ու մահվան սահմանին, պետք չէ կառչել կյանքից: Եթե քեզ վիճակված է մահանալ ռումբից, ապա վախենալ պետք չէ. մեր կյանքն այնքան էլ թանկ չէ, որ այդքան շատ պայքարենք դրա համար: Եվ դեռ ցավալի է և վախենալու սպասել մի պահի, երբ թրթուրավոր պողպատե մեքենան բախվի մարմնիդ:

Անկախ մեր կամքից՝ հիշողություններ բերում ենք կռվի դաշտից, բայց եթե պատերազմ է, ուրեմն լավ հիշողությունների մասին խոսելն անիմաստ է: Դրանք իմ մեջ միշտ էլ կմնան միայն հիշողություններ։

Մարդկային հիշողությունը հաճախ դառը թույնի է նման: Այն իր մեջ պարունակում է կորած ընկերներ, ստախոս դավաճաններ և կորուստների անարդարություն»,- ասում է Հայկ Տեր-Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո չնայած որ դժվար է վերադառնալ բնականոն կյանքին, բայց հնարավոր է։

«Նա, ով անցել է պատերազմի միջով, դժվար է լինելու վերադառնալ խաղաղ կյանք, քանի որ փորձում ես քշել պատերազմի մասին մտքերը, բայց ամեն անգամ չէ, որ դրանք հաջողությամբ են պսակվում, որովհետև  դա արդեն մտել է մեր կյանք։

Մենք ընկերներով էլ ենք հաճախ իրար պատմում, վերհիշում, երևի այդպես ծանր չենք տանում»։

Հայկ Տեր-Մկրտչյանը ծնվել է 1998թ. հուլիսի 25-ին Գյումրիում: Ավարտել է Գյումրու ակադեմիական վարժարանը: Այժմ սովորում է Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի պատմության բաժնում:

Հայկ Տեր-Մկրտչյանը պատերազմի դժնդակ օրերի, տպավորությունների մասին գիրք է գրել։ Գիրքը կոչվում է «Կյանք` մի սիրտ այն կողմ»: Այն բաղկացած է մեկ վիպակից և 15 պատմվածքներից: Գիրքը գեղարվեստական է, չնայած կան երկխոսություններ և դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել:

«Մի պատմությունով փորձել եմ ներկայացնել պատերազմի ընթացքը, իսկ մյուսով հետպատերազմյան խնդիրները, որոնց բախվում են հաշմանդամ զինվորները, իսկ մեկ այլ պատմվածքում դագաղին անձնավորել եմ: Բայց բոլորի հիմքն էլ պատերազմն է:

Գիրքը սկսել եմ գրել պատերազմից առաջ, բայց Արցախում վրա հասած պատերազմը կիսատ թողեց ամեն ինչ: Պատերազմի ընթացքում, երբ մի փոքր ժամանակ կար հանգստանալու, փորձում էի ամեն տեղի ունեցածը մտապահել, նույնիսկ այն բաները, որոնք ուրիշների համար տվյալ պահին արժեք չէին ունենա:

Իսկ գրքի շապիկի նկարը պատկանում է Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Հովհաննես Մազմանյանին:

Հերոսները շատ են իմ գրքում, և ոչ մեկին անուններ չեմ տվել, որպեսզի ընթերցողը կարդա ու իրեն կամ իր ընկերոջը կամ իր հարազատին պատկերացնի: Շատ հերոսների նկարագրի հիմքում կանգնած են իսկական հերոսներ»,- եզրափակեց արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, զինվորական Հայկ Տեր-Մկրտչյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button