Նորություններ

Երևանում բախվել են Mercedes-ը, Kia Sorento-ն ու կայանված Nissan-ը

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Գայի պողոտա և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են Նիկոլայ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 80 АК 080 համարանիշի, Գևորգ Մարտիրոսյանի վարած Kia Sorento մակնիշի 99 RA 909 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Nissan Teana մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները;

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ տապալելով այն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Քանի որ ահազանգողը հայտնել էր, որ վթարի հետևեանքով տեղի է ունեցել նաև գազատար խողովակի վնասում ու գազի արտահոսք է սկսվել, օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Պարզվել է, որ գազի խողովակ չի վնասվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button