Նորություններ

«Ես ոչ մի սպասելիք չունեմ այս խորհրդարանից. ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը համերաշխությունը պատկերացնում է ուժի դիրքից պարտադրելու մեջ». Մ. Նահապետյան

«Ես չեմ կարծում՝ այս Ազգային ժողովը  իր կառավարող և ընդդիմադիր կազմով ունակ է երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու, որովհետև պատերազմից անցել է 9 ամիս, բայց նրանք շարունակում են անել այն, ինչը  չպետք է անեին, և չեն անում այն ամենը, ինչ պետք է անեին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

Նրա խոսքով՝ 9 ամսվա ընթացքում այդպիսի հետագիծ դրսևորած քաղաքական ուժերից ողջամիտ չի լինի սպասել, որ նրանք դարձի կգան, և երկրում փոփոխություններ կլինեն:

Արտախորհրդարանական ուժերը ի՞նչ անելիքներ  ունեն ստեղծված իրավիճակում, և ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն այդ ուժերի կողմից:

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

«Ես կարծում եմ, որ այս պահին Հայաստանում մրցունակ և բովանդակային քաղաքական այլընտրանք առաջարկելու խնդիր կա:

Արտախորհրդարանական ուժերը պետք է ոտքից գլուխ վերանայեն այն ճանապարհը, որն անցել են, և այն գաղափարները, որոնք քարոզել են, այդ ամեն ինչը պետք է սկսել զրոյից:

Երբ պատերազմում այսպիսի ձախողումից հետո հանրությունը շփոթված ասում է՝ հա, լավ, բա մենք ի՞նչ անենք, երբ հանրությունը չի սիրում կառավարող ուժին և չի սիրում այդ կառավարող ուժի հանդեպ արմատական տրամադրված ընդդիմադիր հատվածին, այդ իրավիճակում արտախորհրդարանական ուժերի նման ֆիասկոն ուղղակի այլ պատճառ, քան այդ ուժերի սխալ աշխատանքն է, չէր կարող ունենալ: Մենք այստեղ մեծ մեղավորություն ունենք և պետք  է վերանայենք բոլոր այն մոտեցումները, որ ունեցել ենք: Ավելի շատ մտածենք  այն ուղղությամբ, թե ինչ պիտի առաջարկենք:

Ես կարծում եմ, որ դա պետք է լինի առաջիկա շրջափուլում մեր անելիքը, այսինքն՝ առաջարկել մրցունակ, բովանդակային այլընտրանք»,- նշեց Նահապետյանը:

«Ես ոչ մի սպասելիք  չունեմ այս խորհրդարանից: Ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը համերաշխությունը պատկերացնում է ուժի դիրքից պարտադրելու մեջ, այսինքն՝ ժողովուրդը քվեարկեց ոչ թե այն բանի օգտին, որ եկեք ինչ-որ հարցի շուրջ գանք կոնսենսուսի, այլ այն սկզբունքով, որ ով ուժեղ է, ինքն էլ կարգը կհաստատի, մնացածն էլ խելոք կապրեն այդ կարգերով: Ընդ որում, բոլոր ճամբարների քվեարկողներն այդ տրամաբանությունից ելնելով են քվեարկել:

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ որոշակիության կարիք կա, այսինքն՝ մարդիկ ուզում են իմանալ այն ուժից, ում քվե են տվել, ինչպես են իրենց դրսևորելու: Խորհրդարան անցած ուժերը լավ թե վատ ցույց են տվել, թե իրենք ինչպես են իրենց  դրսևորում կառավարման գործընթացում և որն է իրենց  կուրսը: Մարդկանց համար կանխատեսելի է եղել, թե նրանք ինչպիսին կլինեն: Արտախորհրդարանական ուժերի պարագայում դա անկանխատեսելի էր:

Այս ընտրությունները ցույց տվեցին մեր հասարակության պառակտվածությունը, դրական սպասումների  բացակայությունը, լավ բան ցույց չտվեց: Խոշոր հաշվով՝ ընտրությունների արդյունքները, որոնք կան, ես դրա համար մեր քաղաքացիներին չեմ մեղադրում: Ավելի շատ պատասխանատվություն ունենք այդ արդյունքների համար որպես քաղաքականության մեջ փոփոխություններ բերելու հայտ ներկայացրած քաղաքական ուժ, բայց քաղաքացիներն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն: Ես մարդկանց  չեմ մեղադրում, նրանք իրենց որոշումն են կայացրել, իսկ այդ որոշումը ունենալու է հետևանքներ, բայց դա չի նշանակում, որ եթե այլ որոշում կայացվեր, դա վատ  հետևանքներ չէր ունենալու: Ուղղակի պետք է հասկանալ՝ ինչը այնպես չարվեց, և դասեր քաղել այդ հետևանքներից»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը:

Նահապետյանը, անդրադառնալով Սուրեն Սահակյանի և Գարեգին Միսկարյանի  «Քաղաքացու որոշում» կուսակցության շարքերը լքելու փաստին, հայտարարեց.

«Մեր երկու կարևոր ընկերների հեռանալուց հետո քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող կուսակցականներ կան: Այնպես  չէ, որ նրանք գնացին, կուսակցությունը ոչ ոք առաջ չի մղելու: Կա միջավայր, որտեղ տեսնում ենք աշխատելու հնարավորություն: Մեր կուսակցությունից դուրս եկած մեր երկու ընկերներն էլ իրենք պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր միջոցներով օգնել կուսակցությանը՝ գաղափարները տարածելու, խնդիրների լուծմանը հասնելու ընթացքում:

Նրանց հեռանալու պատճառը եղել է կուսակցության հետագա  աշխատանքների կազմակերպման ռազմավարական վեկտորների տարբերությունը:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ մոտեցումների քննարկումը  պիտի հանգեցնի  կուսակցությունում ճամբարների ձևավորմանը, այդպիսի անցանկալի, պառակտիչ զարգացումներից խուսափելու համար նրանք կուսակցությունը չտարան այդ ճանապարհով»:

Նահապետյանը բացառեց, որ ՔՈ կուսակցությունը կդադարեցնի իր քաղաքական գործունեությունը:

Վերջինիս խոսքով՝ ամենայն հավանականությամբ կունենան կառավարման ձևի և աշխատանքային ուղղությունների փոփոխություն:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button