ՆորություններՔո ձայնը

«Փորձեք մի փոքր ավելի խորանալ». Արսեն Ջուլֆալակյանը նոր գրառում է կատարել

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

«Մի ամբողջ օր համբերատար հետևում եմ, թե ինչեր են վերագրում ինձ, ու՞մ եմ «ցավացրել» և ովքեր են փորձում իմ հաշվին ինքնահաստատվել…

Իսկ իրականում ինչ հեշտ է սոցիալական հարթակների գոյության պայմաններում ուղղորդված ազդել հանրային կարծիքի վրա և ինչքան հեշտ է հանրությունը ենթարկվում այդ ազդեցությանը: Արածս վերջին գրառումը՝ սպորտային «արդարության և դատաստանի» մասին, չգիտես ինչու հատուկ ուղղորդվեց լրիվ այլ դաշտ:

Այն, որ վերջին 1,5 տարին հանրայնորեն բարձրաձայնում եմ ըմբշամարտի հավաքականում թույլ տրված սխալներն ու անարդար որոշումները, անպատժելիությունը, կարծես լրջորեն ոչ մեկին չհետաքրքրեց: Եվ չգիտես ինչու, հիմա էլ թողած որոշում կայացնող մարմնին, գրառումս վերագրեցին մեկին, ով այդ որոշումների կայացման վրա ունի զրո ազդեցություն և որի հետ պայքարելու ես այլևս ոչինչ չունեմ:

Դրա փոխարեն, ըստ իս, շատ տեղին կլիներ գոնե հիմա քննարկել-հասկանալ, թե ի՞նչ էի այսքան ժամանակ ասում, ի՞նչ ազդեցություն ունեցան նման որոշումները հավաքականի արդյունքների վրա, ինչքա՞ն վնաս հասցվեց Հայաստանի Հանրապետությանը սպորտային բարձրագույն հարթակում և կարո՞ղ էինք արդյոք ավելի շատ մեդալներ ունենալ… կարծես այս թեման տաբու է դարձել թե՛ մասնագիտական, թե՛ սպորտասեր հանրույթի շրջանում:

Այսքան լուրջ հարցեր թողած՝

ենթադրություններ եք անում, վերագրում ինձ մտքեր և հետո ակտիվորեն քննադատում՝ բացարձակապես չտիրապետելով հարցի էությանը:

Փորձեք մի փոքր ավելի խորանալ:

Նման մակերեսային, թափթփված, անպատասխանատու գործելաոճը բոլոր ոլորտներում կործանարար է, ինչին և մենք ականատես ենք լինում ամեն օր (ցավոք)»:

Ավելի վաղ Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրել էր` «Աստծո դատաստանից չես խուսափի»: Ֆեյսբուքյան օգտատերերը կարծիք էին հայտնել, որ Ջուլֆալակյանի այս գրառումն ուղղված է Կարապետ Չալյանին, ով 77 կգ քաշային կարգում  բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին։

Back to top button
Close