ՆորություններՍպորտ

Տոկիո-2020․ Օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում հանդես կգա 2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն Արսեն Հարությունյանը: 21-ամյա ըմբիշը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է, Ասիական խաղերի չեմպիոն, 28-ամյա Բեհբայար Էրդենեբատի հետ։ Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Սուլեյման Աթլի (Թուրքիա) – Ռիզա Աթրինագարչի (Իրան) գոտեմարտի հաղթողի հետ:

Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 06:30-ին:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում:

Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը:

Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր:

news.am

Back to top button
Close