Նորություններ

«Արցախն ու Հայաստանը նույն օրգանիզմն են, և չի կարող մարմնիդ մի մասը ցավել, իսկ մյուս մասը չզգալ այդ ցավը». Արցախի ԱԺ նախագահ

«Ես երեկ շնորհավորել եմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ասել եմ, որ եթե հիմնաքարը ճիշտ դնենք, ապա մենք կկարողանանք խորացնել Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջև հարաբերությունները: ՀՀ Ազգային ժողովն այն եզակի հարթակներից է, որտեղ մենք կարող ենք քննարկել և բարձրացնել կոնկրետ և թեմատիկ խնդիրներ և դրանց լուծման համար առաջարկել ուղիներ: Երբ երկիրը գտնվում է ֆորսմաժորային իրավիճակում, այդպիսի երկրի համար լավագույն տարբերակն արտահերթ ընտրություններն են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ մենք 2 առաջնահերթ խնդիրներ ունենք, որի շուրջ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը պետք է ձևավորի կառուցողական քաղաքական տեսակետներ.

«Այդ գերխնդիրներն են՝ արցախյան հիմնախնդիրը և Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը իրավունք չունեն չձևավորելու  միասնական տեսակետ»,- նշեց Թովմասյանը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակով  պայմանավորված՝ ի՞նչ  մտահոգություններ կան Արցախում:

Հարցին ի պատասխան՝ Արթուր Թովմասյանը հայտարարեց.

«Եթե Արցախում ներքաղաքական իրավիճակը բարդ է, ապա պիտի դրանից մտահոգվեն մեր Հայաստանի հայրենակիցները, եթե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է պայթյունավտանգ, ապա դա պետք է մտահոգի Արցախի ժողովրդին:

Արցախն ու Հայաստանը նույն օրգանիզմն են, և չի կարող մարմնիդ մի մասը ցավել, իսկ մյուս մասը չզգալ այդ ցավը:

Եթե ուզում ենք Արցախն անվտանգ տեսնել և Հայաստանի սահմաններն անվտանգ լինի, ապա պետք է ունենանք կայուն  Հայաստան և հզոր Սփյուռք: Միայն Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն:

Անելիքները շատ են, առաջարկությունները ևս, կքննարկենք և կհասկանանք՝ ինչից ենք սկսում և ինչպես», — հայտարարեց Արցախի ԱԺ նախագահը:

Հունիսի 20-ին  Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններով հաղթահարվե՞լ է ճգնաժամը, թե՞ոչ, Արթուր Թովմասյանն առաջարկում է չշտապել. դա ժամանակը ցույց կտա, կապրենք կտեսնենք:

«Ես  միշտ ընդդիմությանը, իշխանությանը ասել եմ, որ ժողովուրդն ուղիղ եթերով հետևում է, ձեզ պարկեշտ պահեք և հետևեք ձեր խոսքին, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի»,- ընդգծեց Թովմասյանը:

Արցախի ԱԺ նախագահը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարեց.

«Այս պահին Արցախը կարծես լռության մեջ լինի. ճիշտ է, անվտանգ է, բայց դա քիչ է, դրա հետ մեկտեղ Արցախը պիտի կարգավիճակ ունենա, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պիտի բանակցությունները վերսկսվեն, մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք:

Մենք ունենք տեղահանվածներ, ովքեր պետք է իրենց բնակավայրերը վերադառնան: Մենք  կորցրել ենք Շուշին, Հադրութը, և դրանք պետք է հետ վերադարձվի, Արցախի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից:

Մենք բանակցություններում կարող ենք մշակութային ցեղասպանության հարց բարձրացնել: Մենք եկեղեցիներ ունենք, որոնք արդեն հողին են հավասարվել Ադրբեջանի ձեռքով:

Ինձանից սկսած, մինչև վերջին զինվորականը՝ հոգեբանի կարիք ունի, մենք ցնցված էինք, բայց հիմա կամաց-կամաց փորձում ենք հաղթահարել»,- եզրափակեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close