Նորություններ

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրների բացահայտումը

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հատուկ գրություններ են ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրանքով՝ ներկայացնել տեղեկատվություն «Ձկնաբուծություն», «Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում», «Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն», «Մսի մշակում և պահածոյացում», «Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում», «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում» և «Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն» տնտեսական գործունեության դասակարգման տեսակին համապատասխան Արարատի և Արմավիրի մարզերում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։ Մեկ այլ գրություն է ուղարկվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրանքով՝ էկոլոգիական աղետի կանխարգելման նպատակով իրականացնել ուսումնասիրություններ Մասիսի քաղաքային աղբավայրում թափոնների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նորմերի պահպանման ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։ Գրություններ են ուղարկվել, մասնավորապես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և մի շարք միջազգային կազմակերպությունների։

Ըստ աղբյուրի՝ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ վերոգրյալ խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել։ Նախարարությունից հայտնում են, որ բոլոր բարձրաձայնված մտահոգությունները հաշվի են առնվել և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

Back to top button
Close