Նորություններ

«Նման թեզերն իշխանությունն ինքն է առաջ բերում օրակարգ, որպեսզի ուրիշները չբերեն և 44-օրյա պատերազմի հանգամանքների հետազոտություններ անելու, նյութեր հավաքելու ուրիշ հարթակ չստեղծվի»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ  արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար որոշում է կայացվել քննիչ հանձնաժողով ստեղծել, իսկ թե երբ կձևավորվի հանձնաժողովը, առայժմ հայտնի չէ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ նմանատիպ իրադարձություններից հետո անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որովհետև մեղադրանքները, որ  հնչեցին բոլորի հասցեին, և այն արդյունքը, որը  մենք ունեցանք, անհրաժեշտ է վերլուծության և գնահատականի:

«Բայց այս իշխանությունների կողմից մենք այդպիսի մի հանձնաժողովի աշխատանք արդեն տեսել ենք: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին է խոսքը, որի աշխատանքը ոչինչ չասաց և անգամ դասեր քաղելու հնարավորություն չտվեց:

Եվ այդպիսի անլուրջ վերաբերմունքով չեմ պատկերացնում ինչ արդյունք կարող ենք ունենալ պետության համար: Ես կարծում եմ, որ մենք արդյունք չենք ունենա:

Նման թեզերը իշխանությունը ինքն է առաջ բերում օրակարգ, որպեսզի ուրիշները չբերեն և ուրիշ հարթակ չստեղծվի այդ հետազոտությունները անելու, նյութերը հավաքելու, որովհետև ակնհայտ է, որ պատերազմից հետո սկսվում են հրապարակվել նյութեր, և մարդիկ, ովքեր պատերազմի մասնակից են եղել, ականատես են եղել, չեն  կարողանում և չեն ուզում  լռել, այդ մարդկանց ուշադրությունը շեղելու, խայտառակ բացահայտումներն ուշադրության կենտրոնում չպահելու համար իշխանությունն առաջարկում է ալտերնատիվ տարբերակ:

Մենք տեսանք, որ ապրիլյանի հետ կապված հանձնաժողով ձևավորեցին, բայց  ձեռքի հետ գնաց, ոչ մի հետևություն, փոփոխություն չարվեց, ոչ մի պատասխանատվության ենթարկվող չեղավ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների արդյունքները  չերևացին, որովհետև եղել են որոշակի պայմանավորվածություններ եկող և  հեռացող իշխանությունների միջև:

«Եվ այդ չբացահայտելու արդյունքում է, որ մենք ունեցանք այն արդյունքը, որը մենք ունեցանք:

Չբացահայտելը, կեղծ գեներալիտետին չհանելը, համակարգը չմաքրելը, կատարվածին քաղաքական և իրավական գնահատական չտալը հանգեցրեց  44-օրյա պատերազմի այս արդյունքին»:

Կարապետյանցի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլիներ այն դեպքում, երբ մենք ունենայինք նոր իշխանություն և ոչ թե վերընտրված իշխանություն, որը ևս իր բաժին մեղքն ունի պատերազմում կրած պարտության մեջ:

«Երբ կունենայինք այլ իշխանություն, պրոֆեսիոնալ զինվորականներ, ովքեր մասնակից չեն եղել ստորագրահավաքների, կկարողանային մասնագիտական գնահատական տալ:

Հանձնաժողովի հարցն այսօրվա քննարկելու հարց էլ չէ և ոչ էլ այս պահին լուծելի հարց է»,- հայտարարեց Կարապետյանցը:

Նրա կարծիքով՝ 2018թ.-ին իշխանությունն ուներ այնպիսի սատարում, որի արդյունքում կարելի էր ամեն ինչ անել:

«Այդպիսի սատարում չի ունեցել ՀՀ գեթ որևէ իշխանություն, և ես ենթադրում եմ, որ մոտակա տասնամյակում կարող է և չունենանք: Այդպիսի սատարման դեպքում կարելի էր ամեն ինչ անել, բայց ցանկություն էր պետք  դրա համար, իսկ թե ինչու չարեցին, հազար  պատճառ կարելի է գտնել:

Չանելու հետևանքները ծանր էին մեզ համար. մենք պատերազմ ենք պարտվել, զոհեր ունենք և այսօր մեր երկրի անվտանգության, սուվերենության խնդիր ունենք:

Այսօր  ԱԺ են վերադարձել հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերը, և այդ ամեն ինչի պատասխանատուն իրականում գործող իշխանությունն է»,- եզրափակեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close