Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 26-ամյա Արման Հովհանյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 54-ամյա Արթուր Սարգսյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close