ՄիջազգայինՆորություններ

Հնդկաստանի և Չինաստանի բանակների միջև Տիբեթի շրջանում ստեղծվել է սահմանային «թեժ գիծ»

ՉԺՀ-ի և Հնդկաստանի զինված ուժերը սահմանային հարաբերությունների ամրապնդման համար Տիբեթի շրջանում ստեղծել են «թեժ գիծ», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հնդկական բանակի և չինական ժողովրդա-ազատագրական բանակի միջև՝ Կամբայում (Տիբեթի ինքնավար մարզ), ստեղծվել է թեժ գիծ՝ սահմանին վստահության և լավ հարաբերությունների ոգին ավելի ամրապնդելու համար»,-հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ միջոցառումը համընկել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման տարելիցի հետ:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, միջոցառմանը ներկա են եղել երկու երկրների բանակների դաշտային հրամանատարները:

Հնդկաստանի և Չինաստանի միջև վաղուց գոյություն ունի տարածքային վեճ՝ Քաշմիրի հյուսիսում գտնվող լեռնային տարածքի մի մասի, ինչպես նաև հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգի շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի համար: Փաստացի վերահսկման գիծը, որը փոխարինում է այս տարածաշրջանի երկրների սահմանին, անցնում է Լադահխի շրջանով: 1962 թվականի աշնանն այս վեճն անգամ վերաճել է սահմանային պատերազմի:

Երկրների միջև հարաբերությունները մնում են լարված այն բանից հետո, երբ 2020 թ.-ի մայիսից Լադահխում տեղի ունեցան մի քանի բախումներ, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ եղան: Երկու երկրներն էլ ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում և այնտեղ ռազմական տեխնիկա են ուղարկել՝ ներառյալ տանկեր և ինքնաթիռներ: Հնդկական կողմից տարածաշրջանում կա մինչև 50.000 զինվորական: Չինաստանը նույնքան զինծառայող է տեղակայել:

Տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը քննարկվում է զինվորականների և դիվանագետների մակարդակով, սակայն բանակցությունների մի քանի փուլերից հետո որևէ բեկման հասնել չի հաջողվել: Միևնույն ժամանակ, Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվել են երկխոսություն պահպանել ռազմական և դիվանագիտական ​​ուղիներով, ինչպես նաև հասնել այլ չլուծված խնդիրների կարգավորմանը՝ սահմանին խաղաղություն և հանգստություն պահպանելու համար:

Back to top button
Close