Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդես Գյումրիում

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, որի նպատակն է բարձրացնել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Ցուցահանդեսի հիմնական ուղերձը դարերով մեզ հասած մշակութային և հոգևոր ժառանգությունը սերունդներին փոխանցելն է:

«Դեռևս մարտ-ապրիլ ամիսներից մեզ մոտ միտք հղացավ, որպեսզի հայ հասարակության շրջանում բարձրացնենք իրազեկվածությունը, թե ինչ կոթողներ և արժեքներ ենք կորցրել արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով, և, ինչու չէ, նաև մեր հասարակությանը տալ հնարավորություն, որպեսզի վերարժևորի իր ունեցած պատմական ժառանգությունը, այսինքն՝ ինչ ուներ 7-8 ամիս առաջ:

Բացի այդ, շատ կարևոր է, որ մայրաքաղաքի և այս պահին Գյումրիում գտնվող հյուրերը ծանոթանան Արցախում գտնվող մեր հայկական կոթողների հետ, որոնք հիմա կորսված են:

Այդ կոթողները, մեզ համար բացի մշակութային և հոգևոր արժեքներ լինելուց, ապացուցում են նաև Արցախի հայկականությունը: Այսինքն, երբ ադրբեջանցիները բարբաջում են, որ Արցախը հայկական տարածք չէ, և այնտեղ հայկական ոչինչ չկա, ապա այս ամեն ինչը գալիս է, որ հակառակն ապացուցի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց նախաձեռնության հեղինակ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանը:

Վերջինիս խոսքերով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախը չվերածվի Արևմտյան Հայաստանի:

«Եթե մենք ռեալիստական տեսանկյունից նայենք, ապա Արևմտյան Հայաստանը մենք դիտարկում ենք որպես պատմական ժառանգություն, պատմական անցյալ:

Արցախը չպետք է այդպիսին դառնա մեզ համար… հիմա, որ մենք նայում ենք ցուցահանդեսի նկարներին, սկզբում ցավ և ափսոսանք ենք զգում, բայց հետո այդ ամենը փոխվում է մեր մշակութային և հոգևոր կոթողները վերադարձնելու ցանկության»,- ընդգծեց Արթուր Ավետիսյանը:

«Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսի մեկնարկը տրվել է Երևանից՝ մայիսի 1-ին և 2-ին:

Նախաձեռնության մասնակիցների խոսքերով՝ ցուցահանդեսը լինելու է ՀՀ մյուս մարզերում ևս:

«Այս պահին մեր ցուցահանդեսի շրջանակում ունենք 3 պայմանավորվածություն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Լոռու և Արմավիրի մարզերում: Մեր հաջորդ կանգառը թե այս 3 մարզերից որտեղ կլինի, այս պահին չեմ կարող ասել»,- նշեց Ավետիսյանը:

Արթուր Ավետիսյանը լիահույս է, որ միջոցառման արդյունքը տեսանելի է լինելու:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close