Նորություններ

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

Հուլիսի 30-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները  մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Աղասի Հովհաննիսյանն  ու Աշոտ Վարդանյանը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի

Back to top button
Close