Նորություններ

«Յուրաքանչյուր զիջումից հետո նա ավելի է լկտիանում. Հայաստանը պետք է պատրաստ լինի հնարավոր վատթարագույն սցենարի»

Ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրկին կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Թշնամին սադրանքները ժամանակ առ ժամանակ Գեղարքունիքից տեղափոխում է Երասխ, այնուհետ կրկին՝ Գեղարքունիք: Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորել այդ 2 սահմանային հատվածները և ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

«Ակնհայտ է, որ Երասխի հատվածում առկա են հետևյալ խնդիրները, և դրանցից առաջինը բնականաբար վերաբերում է այդ հատվածի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական կարևորությանը: Գիտենք, որ փաստացիորեն Երասխի հատվածով է Հայաստանի ինչ-որ մի հատված կապվում Վայոց ձորի և Սյունիքի մարզերին, իսկ Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքն ունի հավակնություններ, և Բաքվի բռնապետը չի էլ թաքցնում դա և նույնիսկ ստեղծում է «Արևելյան Զանգեզուր» տնտեսական շրջան՝ խոսելով այն մասին, որ իբր «Արևմտյան Զանգեզուրը» ադրբեջանական պատմական հող է: Հետևաբար այս հատվածում սադրանքների գնալը միտված է Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելուն, որպեսզի Սյունիքի հատվածում ստանա իր երազած «միջանցքը»:

Վարդան Ոսկանյան

Բացի այդ, այս հատվածում է գտնվում նաև Տիգրանաշենը, որը ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է իբր ադրբեջանական անկլավ: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հավակնություններ ունի Հայաստանի տարածքի այդ հատվածի նկատմամբ:

Սա Հայաստանի անքակտելի հատվածն է, և անկլավների մասին խոսակցություն չպետք է լինի. դա լինի Արարատի մարզում, թե Հայաստանի որևէ այլ տարածքում:

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածին, ապա այստեղ թշնամին իր համար լուծում է դիրքային բարելավման խնդիրը:

Ընդ որում, դա միտված է ոչ միայն Հայաստանի վրա ճնշում բանեցնելուն՝ իր համար ավելի նպաստավոր պայմաններ ստանալու առումով, այլ միտված է իրեն ապահովագրելու՝ ապագայի խնդիրները նկատի ունենալով: Գիտենք, որ այս հատվածը, ըստ էության, շատ մոտ է կամ անմիջապես սահմանագիծ է Քարվաճառի տարածքին, որն այժմ գտնվում է ադրբեջանական բռնազավթման մեջ, և ըստ էության, այդտեղ իր դիրքերը բարելավելով՝ Բաքվի բռնապետը փորձում է ապահովագրել Քարվաճառը: Նրանց համար շատ կարևոր է ունենալ այնպիսի դիրքեր, որպեսզի ապահովագրեն Քարվաճառը Հայաստանի հնարավոր ազատագրումից»,- հայտարարեց իրանագետը:

Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի սահմանների ողջ երկայնքով պարբերաբար լարումներ առաջացնելով՝ Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ ստանալ, ինչը պետք է հաջողություն չունենա:

«Ադրբեջանական կողմը օկուպացրել է Արցախի մոտ 75%-ը և բռնազավթել է նաև ՀՀ որոշ տարածքներ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում, և օկուպանտները պետք է լքեն Հայաստանի տարածքը, և ՀՀ տարածքի վերաբերյալ որևէ բանակցություն չի կարող լինել, և սա պետք է հստակորեն հասկացվի ադրբեջանական կողմին՝ Բաքվի բռնապետին, որովհետև յուրաքանչյուր հերթական զիջումից հետո կամ այդ զիջման հավանականության առկայության պայմաններում նա ավելի է լկտիանում, և եթե հետևենք վերջինիս հռետորաբանությանը, ապա նա միջազգային ասպարեզում աննախադեպ լկտիությամբ է աչքի ընկնում»,- հայտարարեց Վարդան Ոսկանյանը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր հատվածներում չի կայունանում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը սահմանային սադրանքներից հետո լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկի, և արդյո՞ք պատրաստ է հայկական կողմը զարգացման նման սցենարի:

Հարցադրմանն ի պատասխան՝ Վարդան Ոսկանյանը հայտարարեց.

«Հայաստանը պետք է պատրաստ լինի հնարավոր վատթարագույն սցենարի: Ադրբեջանը և Թուրքիան հեռագնա նպատակ չունեն այս տարածաշրջանում տեսնելու հզորացող և ամրապնդվող Հայաստանի Հանրապետություն: Նրանց նպատակը շատ հստակ է, և նրանք չեն էլ թաքցնում դա: Նրանք փորձում են հնարավորինս կտորներ պոկել Հայաստանից, արցախյան հիմնախնդիրը իրենց երազած ճանապարհով վերջնականապես «լուծել» և Հայաստանը ըստ էության վերածել ադրբեջանա-թուրքական դաշինքից կախման մեջ գտնվող մի պետական կազմավորման: Այս տեսլականը բնականաբար չի կարող մեզ ձեռք տալ, և որևէ պարագայում մենք չենք կարող այս ադրբեջանա-թուրքական «տեսլականին» համաձայնել: Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի քայլեր 2 ուղղությամբ: Առաջին ուղղությունը, բնականաբար, բանակի մարտունակության վերականգնումն է, և այժմ էլ բանակը ցույց է տալիս, որ պահպանել է իր մարտունակության զգալի հատվածը, և Բաքվի բռնապետի «խրոխտ» և լկտի հռետորաբանությունը և գործողությունները չեն կարող պատասխանի չարժանանալ ՀՀ-ի կողմից: Դրանք պետք է արժանանան խստագույն պատասխանի:

Մյուս կողմից՝ բանակի և անվտանգային համակարգի ուժեղացմանը և վերականգնմանը զուգահեռ մենք պետք է հնարավոր բոլոր միջազգային խողովակներով և լծակներով պարբերական ճնշման տակ պահենք Ադրբեջանին՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ նրանք չէին կարող սպասել ճնշման:

Եթե մենք թողնում ենք, որ այս արհեստածին կազմավորումը լկտիանա, ապա նրանք սկսում են ավելի մեծ պահանջներ ներկայացնել:

Մյուս ուղղությունը, որը, կարծում եմ, պետք է հստակորեն դիտարկվի և ծրագրվի, նաև թուրքական կողմի վրա ճնշումների բանեցումն է:

Երկրորդ ուղղությունը դիվանագիտական է, որի վրա պետք է խարսխված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային գործուղղությունը, և որի հիմնական ուղղությունները պետք է լինեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելը բոլոր հնարավոր խողովակներով:

Ինչ-որ առումով ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, թե ինքն այս պատերազմում միանշանակորեն հաղթող է: Այո, Ադրբեջանը գրանցել է հաջողություն, և պետք է հստակորեն արձանագրենք, առանց որևէ պատրանքի, բայց այդ հաջողությունը չի եղել ադրբեջանական բանակի հաշվին, այդ հաջողությունը չի եղել ադրբեջանական պետության ողջ ռեսուրսների համախմբման հաշվին, այլ այդ հաջողությունը գրանցվել է մեզանում կառավարման ապիկարության և շատ դեպքերում էլ կառավարման բացակայության պայմաններում:

Մեր բանակը շատ վայրերում մարտնչել է, կռվել և որևէ սանտիմետր չի զիջել թշնամուն: Հենց նույն Քարվաճառում մեր բանակը գրանցել էր հաջողություններ, և Քարվաճառը Բաքվի բռնապետին է զիջվել ստորագրությամբ: Հետևաբար այս ընթացքում Ադրբեջանը կրել է հսկայական կորուստներ, և մենք հստակորեն պետք է գնահատենք ադրբեջանական կողմի ունեցած պոտենցիալը և այդ տեսանկյունից փորձենք սանձել Բաքվի բռնապետին՝ թույլ չտալով, որպեսզի նա պարբերական ճնշում գործադրի Հայաստանի վրա:

Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանն իրականացրել է միջազգային հանցագործություններ, մարդասիրական բոլոր նորմերը խախտվել են, և դրանց համար ադրբեջանական կողմը պետք է հստակորեն պատասխանատվության կանչվի, բայց այլ հարց է, որ այսօրվա իշխանությունը որքանով է ունակ դա անելու»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ պարագայում չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրի, որտեղ կճանաչվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:

«Այդ պետությունը տարածքային ամբողջություն կոչված հասկացությունը բերում և հասցնում է մինչև ՀՀ տարածք: Հետևաբար Ադրբեջանի կողմից որևէ տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող: Պետք է հստակորեն արձանագրվի, որ Արցախի Հանրապետությունը որևէ պարագայում չի կարող երբևիցե լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մեջ, Հայաստանը որևէ պարագայում միջանցք չի տրամադրելու այս արհեստածին կազմավորմանը, որպեսզի նա կարողանա հասնել իր և Թուրքիայի 100-ամյա երազանքին:

Մի շարք այլ խնդիրներ կան, որոնք հատ-հատ պետք է արձանագրել և պետք է ներկայացնել ՀՀ կարմիր գծեր, և այդ գծերի շրջանակում կարելի է բանակցել Ադրբեջանի հետ: Չնայած ես դեմ եմ, որ որևէ բանակցություն ընթանա այդ պետության հետ՝ հաշվի առնելով մի քանի կարևոր հանգամանք:

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և նրա ղեկավարը չեն կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները և փաստացի պատանդի կարգավիճակում են պահում հայ ռազմագերիներին և այլ պահվող քաղաքացիներին և նույնիսկ դատական գործընթացների միջոցով լեգիտիմացնում են իրենց ապօրինի և լկտի պահվածքը: Պատանդառու պետության հետ բանակցելը ինչ-որ առումով տարօրինակ է»,-եզրափակեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button