ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Որտե՞ղ կկանգնի ռուս սահմանապահը, ո՞րն է լինելու Հայաստանի սահմանը՝ Հայաստանի խո՞րքը

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության աճի մասին, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, նշել է.

«Ադրբեջանը կձգտի հետայսու հնարավորը պոկել Հայաստանից. օրինակ՝ տարածքներ, Ադրբեջանի ռազմաքաղաքական գերակայության ընդունում և ճանաչում, ստորադաս տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ, մեր թշնամիների կողմից վերահսկելի տարանցիկ ճանապարհներ… ընդհանուր առմամբ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի կախվածության ամրագրում, դրան գումարած նաև հնարավոր տարածքային ձեռքբերումները:

Իսկ Հայաստանը ներքին ինքնակազմակերպման տեսանկյունից շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, և գործող իշխանությունը ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո այդպես էլ չկարողացավ համախմբել հասարակությանը մի առանցքի շուրջ, որը կապահովեր մեր պետական, ազգային շահերը այն չափով, այն մաքսիմումի շրջանակներում, որն այսօր հնարավոր է, և նաև հավատ կներշնչեր ապագայի հանդեպ:

Առայժմ դա չկա, դրան գումարած մի շարք պաշտոններ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը, թափուր են: Սա ևս խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը լիարժեք չի գիտակցում իրավիճակի լրջությունը: Մյուս կողմից՝ ունակ չէ համարժեք արձագանքելու այն մարտահրավերներին, որոնք այսօր Հայաստանի առջև ծառացած են»:

 

Արևմուտքից հնչում են ուղերձներ, որ հարկավոր է վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հարցին, թե Հայաստանն այս փուլում պատրա՞ստ է Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցային պրոցեսին, Արման Մելիքյանը նշեց.

«Հայաստանն այս պահին չունի այն իրավաքաղաքական, ռազմաքաղաքական պլատֆորմը, որի հիման վրա հնարավոր լիներ արդյունավետ բանակցություն վարել: Նախ պետք է այդ պլատֆորմը ձևավորվի: Դրա համար պետք է ունենանք գործունակ և ձևավորված իշխանություն: Այդպիսի իշխանություն ընտրություններից հետո մենք չունենք…»:

Արման Մելիքյանն ասում է՝ թշնամին պատրաստ է այդ բանակցություններին, որովհետև ի տարբերություն Հայաստանի, ունեն իրենց հստակ ձևակերպված պահանջները, որոնք ձևակերպել են տասնյակ տարիներ առաջ:

Զսպող գործոն կարո՞ղ է լինել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը:

«Ամբողջ հարցն այն է, թե որն է համարվելու Հայաստանի սահման, որովհետև ռուս սահմանապահները կարող են տեղակայվել նաև, ասենք, դեպի Հայաստանի տարածքի խորքը… Ես չէի ցանկանա, որ նոր փաստացի շփման գիծ առաջանա՝ ի վնաս Հայաստանի: Դրա վտանգը առկա է, ոչ մի երաշխիք որևէ մեկը մեզ չի տվել: Որևէ տեղեկություն, թե ինչ պայմաններով պետք է տեղի ունենա այդ տեղակայումը, մենք չունենք»:

Back to top button
Close