Նորություններ

Կասկածներ կան, որ գերիների չհաստատման պատճառ կարող է լինել նրանց սպանությունները. կան ԴՆԹ համընկնումներ

«Ոչ միայն կան հիմքեր, այլև կան անհերքելի ապացույցներ, որ Ադրբեջանում գերեվարվել և պահվել են ոչ միայն հաստատված 45 տղաները, այլև ևս շուրջ 100 տղաներ, որոնց գերեվարումը հաստատված է տեսանյութերով, լուսանկարներով և ականատեսների վկայություններով»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Մենք կասկած չունենք, որ նրանք գերեվարվել են, զենքերը վայր են դրել և գտնվել են ադրբեջանցի զինծառայողների հսկողության ներքո, բայց Ադրբեջանը չի ընդունում նրանց գերեվարման հանգամանքները»:

Հարցին՝ եթե գերիներն Ադրբեջանի համար քաղաքական առևտրի մաս են կազմում, ո՞րն է տրամաբանությունը՝ պահել նրանց և համառորեն չհաստատել, չցանկանալ հերթական անգամ ինչ-որ բան կորզել Հայաստանից, փաստաբանն արձագանքեց.

«Երկու պատճառ կարող է լինել. առաջինը՝ քաղաքական, քանի որ փետրվարին նրանք հայտարարել էին, որ այլևս գերիներ չկան Ադրբեջանում, և նոր հաստատումներ չեղան, թերևս չեն ցանկանում այս քաղաքական գիծը փոխել և Ալիևի հայտարարությունը կասկածի տակ դնել, բայց որոշակի բեկումների պարագայում միգուցե կլինեն նոր հաստատումներ:

Բայց արդեն տևական ժամանակ է անցել, և որևէ բեկում տեղի չի ունենում:

Եվ երկրորդը, որի արժանահավատությունը գնալով մեծանում է, որ գերիները միտումնավոր սպանվել են, գնդակահարվել, կամ արտակարգ զարգացումներ են տեղի ունեցել, որովհետև նույն այդ դաժան ծեծի և խոշտանգումների արդյունքում կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում պատասխանատվություն կրել կյանքի իրավունքի համար»:

Հարցադրմանը, թե ինչու է վերջին տարբերակի արժանահավատությունը մեծացել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Նախ ինչքան ժամանակն անցնում է, և չի հաստատվում, արդեն հավանականությունը, որ ողջ կհաստատեն և կտան, նվազում է: Երկրորդը, մենք արդեն իսկ ունենք բացահայտված դեպքեր, երբ գերեվարումը հաստատված է տեսանյութով, բայց ԴՆԹ համընկնում կա: Եվ սա ցույց է տալիս, որ այն անձինք, որոնց դեպքերն ապացուցված են եղել, և տեղյակ է ողջ հանրությունը նրանց գերեվարման մասին, ավելի պաշտպանված չեն եղել, և անգամ այս դրվագներով կատարվել են պատերազմական հանցագործություններ, և չեն վախեցել հետևանքներից: Այս երկու փաստերի համադրմամբ մենք կասկածներ ունենք, որ չհաստատման պատճառ կարող է լինել նաև սպանությունը»:

Back to top button
Close