ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Գերիները գտնվել են կյանքի սպառնալիքի ներքո, խոշտանգվել. ի՞նչ են պատմել վերադարձած տղաները

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել ենք ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

Անդրադառնալով հարցադրմանը, թե Հայաստանը քաղաքական, դիվանագիտական ինչ լծակներով կարող էր կանխել տեղի ունեցող գործընթացները հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում, Սահակյանը նշեց.

«Միջազգային իրավունքում բազմաթիվ հնարավորություններ կան հակազդելու ագրեսիվ պետությունների գործողություններին, և դրա համար ստեղծված նաև հատուկ օղակ կա, դա ՄԱԿ անվտանգության խորհուրդն է, որի նպատակը հենց խաղաղություն և անվտանգություն ապահովելն է: Իհարկե, կան նաև այլ կառույցներ, որոնք անուղղակի ձևով կարող են այս խնդիրների լուծմանը ներգրավվածություն ունենալ: Իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ պատերազմից հետո Հայաստանը ջանքեր չգործադրեց, որպեսզի միջազգայնորեն գնահատական տրվի Ադրբեջանի ագրեսիային:

Այդ ագրեսիան եղել էր Արցախի նկատմամբ, որի երաշխավորը ՀՀ-ն էր, այդ ագրեսիան պատերազմի ընթացքում եղավ նաև Հայաստանի նկատմամբ, բայց պատերազմի ավարտից հետո կարծես թե ամեն ինչ հարթվեց, և չկար հետևողականություն, որ միջազգայնորեն պատասխան տրվի՝ արդյոք Ադրբեջանը իրավասու էր ուժ գործադրելու Արցախի նկատմամբ, և եթե ոչ, որո՞նք էին այդ ապօրինի ուժի գործադրման հետևանքները: Քանի որ լռելյայն գործելակերպ ցուցաբերվեց, կարծում եմ՝ նաև սա արտոնեց Ադրբեջանին ավելի համարձակ գործելու»:

Չափազանցված չե՞ն մեր սպասելիքները միջազգային կառույցներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հանցագործություններ կատարեց Ադրբեջանն աշխարհի աչքի առաջ: Սիրանուշ Սահակյանի խոսքերով՝ միջազգային կառույցներն ունեն իրենց շահերը, իսկ Արցախի հարցում պրոադրբեջանական լուծումը համաձայնեցված էր հիմնական գործընկերների հետ, կային համընկնող շահեր…

«Մյուս կողմից, բազմաթիվ այլ դեպքերով մենք տեսնում ենք, թե միջազգային գործընկերները ինչպիսի լուրջ զինանոց ունեն, երբ ցանկանում են մի պետության իշխանություններին պատժել»:

Այս քաղաքականության մեջ, փաստաբանի խոսքերով, կարևոր է հասկանալ  Հայաստանի ջանքերը և այն, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կարողացել են հասկանալ միջազգային հանրության հետաքրքրությունները, պահանջները և այնպես աշխատել, որ լինեն երկկողմանի ընդհանրություններ:

«Մեծ հաշվով միջազգային քաղաքականության մեջ այդ առևտուրը կա, և այդ գործիչները լավագույն առևտրականներն են, և այդ առևտրի մեջ կարելի էր ստանալ և տալ՝ պաշտպանելով Հայասանի շահերը: Կարողացե՞լ են գտնել դրանք, կարողացե՞լ են հետաքրքրություններ ստեղծել Հայաստանում, ճիշտ գործընկերների սպասարկել, օգտագործել այդ գործընկերների ուժը՝ մեր խնդիրները լուծելու համար: Սա է հարցը: Իմ գնահատմամբ՝ չենք կարողացել: Մենք սխալ քաղաքականություն ենք վարում և իրապես մենակ ենք մնացել»:

Սիրանուշ Սահակյանի խոսքերով՝ Հայաստանի շահերը ճիշտ գիտակցված չեն:

Անդրադառնալով Ադրբեջանում դատապարտված հայ գերիների հարցին՝ փաստաբանը վստահություն է հայտնել, որ կայացված դատավճիռները որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող, քանի որ խախտումները չափազանց ակնառու են:

Ադրբեջանն առևտուր է անում՝ փորձելով բարձրացնել գերիների վերադարձի գինը:

«Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ իրավական գործընթացների արդյունքում ստիպված ազատ է արձակելու մեր ռազմագերիներին, և ես առավել քան վստահ եմ, որ փորձելու է հենց քաղաքական ճանապարհով, որոշակի պահանջների դիմաց այս խնդիրը լուծել և չսպասել իրավական լուծման: Որովհետև իրավական լուծման պարագայում ինքը ինչ-որ բան չի կարող ստանալ: Ինքը հարկադրված է կատարելու, իսկ ներկա փուլում ինքը կարող է նաև որոշակի օգուտներ ստանալու միջոցով կատարել այն, ինչը պարտականություն է իր համար»:

Ազատ արձակված ռազմագերիների հետ եղել են հանդիպումներ, ովքեր հաստատել են, որ ցուցմունքները իրենցից կորզվել են խոշտանգումների միջոցով: Նրանք պարբերաբար գտնվել են կյանքի սպառնալիքների ներքո:

«Նրանց նկատմամբ նաև խոշտանգումը որպես պատժիչ գործողություն է օգտագործվել, և մենք հարցազրույցների միջոցով վկայություններ ենք ձեռք բերում, որոնք ունեն ապացուցողական նշանակություն ՄԻԵԴ-ում»:

Back to top button
Close