ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Փաշինյանն իր «պողպատե մանդատը» ձեռքին չի կարող գնալ Կրեմլ, Ալիևի հետ բանակցել. այդ «մանդատը» կարող է թափահարել միայն իր նախարարների քթի մոտ»

«Հաղթողներն են որոշում արդեն՝ գնա՞լ խաղաղության, թե՞ չգնալ… Այս դեպքում հաղթողները որոշել են ստանալ ավելին, քան իրենք պատկերացնում էին: 44-օրյա պատերազմից առաջ նրանք բոլորովին այլ պատկերացումներ ունեին իրենց հնարավոր հաղթանակի մասին և, իհարկե, այլ պահանջներ: Կամաց-կամաց նրանց ախորժակը բացվեց…»,- ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածություններին:

Տեղի ունեցած արտահերթ ընտրությունների նպատակը, ըստ իրավապաշտպանի, պետք է լիներ այն, որ ձևավորվեր նոր իշխանություն, առաջ գար նոր բանակցող, որը կաշկանդված չէր լինի խոստումներով և պարտությամբ:

«Նոր մարդը չէր կարող, իհարկե, հաշվի չառնել այն ամենը, ինչ գրված և դրված է սեղանին, բայց բոլորս գիտենք, որ բացի դրանից, ինչ գրվել է, կան նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնցից նոր մարդը կարող էր խուսափել»:

Վարդան Հարությունյանը ամենևին չի բացառում, որ վաղը կարող է հասարակության համար պարզ դառնալ, որ կան այլ լուրջ խոստումներ ևս Հայաստանի իշխանությունների կողմից տրված Ադրբեջանին: Նա կարծում է, որ Փաշինյանը ճկուն չէ բանակցելու հարցում,  նաև կաշկանդված է իր տված խոստումներով:

Դիտարկմանը, թե Փաշինյանը փոխարենն ունի «պողպատե մանդատ», որի մասին պարբերաբար խոսում են թե՛ ինքը, թե՛ իր թիմի անդամները, իրավապաշտպանը նշեց.

«Փաշինյանի նախկին մանդատը շատ ավելի ամուր և հզոր մանդատ էր, շատ ավելի լուրջ մանդատ էր, քան այս մանդատը՝ «պողպատ» կոչված, որը նույնիսկ ներսում չի կարող աշխատել, էլ ուր մնաց դրսում: Չի կարող նա «պողպատե մանդատով» գնալ Փարիզ, չի կարող նա այդ «պողպատե մանդատը» ձեռքին գնալ Կրեմլ, Ալիևի հետ բանակցել և Անկարա չի կարող գնալ կամ զանգահարել… այդ «պողպատե մանդատը» կարող է աշխատել միայն նրա աշխատասենյակին դրված սեղանին, որտեղ կլինեն նրա շրջապատի մարդիկ, որտեղ կլինեն նրա նախարարները: Նա կարող է նրանց վրա գոռգոռալ, կարող է այդ «պողպատե մանդատը» թափահարել նրանց քթի մոտ, բայց ոչ երբեք այդ աշխատասենյակից դուրս»:

Back to top button
Close