ՆորություններՍպորտ

Վարդան Բիչախչյան․ Լավ պաշտպանություն և որակյալ հարձակում․ սա է մեր ծրագիրը

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» կմրցի Վրոցլավը ներկայացնող «Շլյոնսկի» հետ։

Առաջին խաղը կայացավ Գյումրիում հուլիսի 22-ին և ավարտվեց լեհական թիմի 4։2 հաշվով հաղթանակով։ Պատասխան խաղը կայանալու է հուլիսի 29-ին։

Ինչպես տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը՝ այսօր Վրոցլավի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել «Արարատի» գլխավոր մարիզչ Վարդան Բիչախչյանի նախախաղային ասուլիսը։

-Ինչպիսի՞ն է ձեր խաղային պլանը․ ավելի շատ կենտրոնանալու եք պաշտպանությա՞ն, թե՞ հարձակվողական գործողությունների վրա։

-Առաջին խաղից հետո մեզ համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հաշիվը մեզ հուշում է, որ պաշտպանությունում պիտի տակտիկապես գրագետ խաղանք, ու առաջին խաղի տարրական սխալները բացառենք։ Պարզ է, որ գոլ բաց թողնելու իրավունք չունենք․ լավ պաշտպանություն և որակյալ հարձակում․ սա է մեր ծրագիրը։

– Խաղալո՞ւ է Մորի Կոնեն։

– Այո։

-Արդյոք յուրահատո՞ւկ եք նախապատրաստվել այս խաղին՝ հաշվի առնելով, որ մեծաթիվ երկրպագուներ են սպասվում խաղին։

– ֆուտբոլում ամենակարևոր մասը երկրպագուներն են։ Նրանց համար ենք խաղում։ Գիտենք, որ «Շլյոնսկը» ունենալու է երկրպագուական մեծ աջակցություն, բայց մենք էլ ունենք մեր երկրպագուները, որոնք հեռվից, բայց երկրպագելու են մեզ։ Եթե ցանկություն ունենք վաղը լավ խաղալու, ապա պետք է հաղթահարենք այդ ճնշումը։

– Կազմում փոփոխություններ կլինե՞ն Գյումրիում կայացած խաղի համեմատ։

– Դեռևս կան երկու-երեք դիրքեր, որտեղ չենք կողմնորոշվել, թե ով պետք է հանդես գա։ Ընդհանուր առմամբ, մեծ փոփոխություններ չեն լինելու։

– Գյումրիում կայացած խաղից հետո նշեցինք, որ մրցակցի ֆուտբոլիստները բարձրահասակ էին և նաև այդ պատճառով գոլեր ընդունեցինք։ Նշել էիք նաև, որ դա է լինելու գլխավոր խնդիրը, սակայն չկարողացաք լուծում տալ։ Լուծման միջոց արդեն գտե՞լ եք։

– Մեր սխալները մենք գիտենք, տեղյակ ենք՝ որտեղ ենք սխալվել։ Փորձելու ենք բացառել այդ սխալները և հնարավորինս ապահով խաղով աչքի ընկնել պաշտպանությունում՝ թույլ չտալով մրցակցին օգտագործել իր ուժեղ կողմերը։

-Գյումրիում «Շլյոնսկի» մարզիչը կարևորեց «Արարատի» ծուղակը չընկնելու փաստը։ Այս դիմակայությունում մարզիչների պատրաստած անակնկալների դերը որքա՞ն մեծ է լինելու։

-Մրցակիցն առաջին խաղից հետո առավելություն ունի։ Պարզ է, որ այս հաշիվը հօգուտ նրանց է։ Պետք է ապահով գործենք պաշտպանությունում, գոլ բաց չթողնենք, որպեսզի հարձակման գծում էլ արդյունավետ խաղով աչքի ընկնենք։ Շատ դժվար է լինելու, մրցակիցը երկու գոլի առավելություն ունի և հարձակվելու մասին մտածում են նաև նրանք։ Պետք է նաև պաշտպանությունում ճիշտ գործենք, որպեսզի լավ արդյունքի ակնկալիք ունենանք։

-Թվում էր, թե Գյումրիում հավասարկշռությունը չբավարարեց։ Թիմը գոլեր բաց թողնելուց հետո չափազանց մեծ ուժերով էր առաջ գնում՝ թիկունքն ազատ թողնելով։ Վաղվա խաղում ի՞նչ է հարկավոր, որ թիմը համբերատար խաղա և որքանով է դա կառավարելի մարզչի կողմից։

– Ճիշտ եք նկատել, մեր ամենաառաջին սխալը դա էր։ Առաջին գոլից հետո մեր մոտ նկատվեցին կարգապահական խախտումներ։ Փորձում էինք ամեն ինչ անել խաղը փրկելու համար, չնայած որքան էլ փորձեցինք հանգստացնել այն։ Մի փոքր էլ տղաների հոգեբանության վրա ազդեց խաղի ընթացքը։ Երկրորդ կեսում գոլ խփելուց հետո շատ արագ բաց թողեցինք ու տղաների գործողություններում չկար այդ հանգստությունը։ Վաղը մենք՝ մարզիչներս, փորձելու ենք ամեն ինչ անել, որ առաջնային այդ հանգստությունը ապահովենք, մնացածը ցույց կտա խաղի ընթացքը։

Back to top button
Close