Նորություններ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 42-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել

Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության  Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Նորայր Այվազյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 42-ամյա Արամ Բարսեղյանն էր:

Ոստիկաններն ու քննիչները  պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 09: 15-ի սահմաններում Ա. Բարսեղյանը Այգեզարդ գյուղի Կոստանի փողոցում, բարձրանալով էլկետրասյան վրա, վերանորոգման աշխատանքներ է կատարել, որի ընթացքում էլեկտրահարվել է և հիվանդանոց  տեղափոխելու  ճանապարհին մահացել:

Փաստի առթիվ Ն. Այվազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝  մահացածն աշխատում էր. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության «Արաքս» մասնաճյուղում ՝ որպես օդային գծերի էլեկտրամանտյոր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button