Նորություններ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Nissan-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում  Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և  առաջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն  ասում էին. «Նշված հատվածում արդեն  6-րդ վթարն է տեղի ունենում, իսկ բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն,  որպեսզի նշված հատվածում կամ արագաչափ տեղադրեն, որը նախկինում եղել է, կամ արհեստական անհարթություն, որպեսզի կանխվեն նման վթարները, սակայն  դրական պատասխան չենք ստացել պատկան մարմիններից: Նախկինում,  երբ արագաչափ դրված էր,  վարորդները զգուշավորություն էին ցուցաբերում, իսկ արագաչափը երբ հանեցին, վթարների թիվն ավելացավ: Գոնե այս դեպքից հետո ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեն,  խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ չկա երաշխիք, որ սա կլինի վերջին վթարը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button
Close