Նորություններ

«Ադրբեջանը փորձելու է տարբեր տիպի մեթոդներով, մեր բնակչությանը վախեցնելով՝ ինչ-որ նպատակների հասնել». Դ. Բաբայան

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը  կրկին անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին և հայտարարել, որ հակամարտությունն ավարտված է, և նման հարց գոյություն չունի։ Ի՞նչն է պատճառը, որ Ալիևը պարբերաբար կրկնում է իր այդ հայտարարությունը, դա հիմնականում արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանի համար է արվում:

Այս և այլ թեմաների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:

«Մենք նման հայտարարությունները պետք է դիտարկենք ոչ թե նրանով, որ դրանք իրականությանը համապատասխանում են, թե ոչ, բնական է, որ դա իրականությանը չի համապատասխանում: Այդ հայտարարությունները ցույց  են տալիս Ադրբեջանի տեսլականը, իսկ  նրանց նպատակն Արցախի վերջնական ոչնչացումն է: Եվ դրա համար է, որ նա ասում է՝ չկա կարգավիճակ: Ալիևը էլ չի  նայում արտաքին լսարան, ներքին լսարան. անում է այն, ինչ ուզում է, բայց դա չի նշանակում, որ ինքը հասնելու է իր նպատակներին: Եթե մենք  ճիշտ աշխատենք, նրանց այդ թեզերը կմնան գաղափարներ»,- հայտարարեց Բաբայանը:

Հայաստանի սահմանների  տարբեր հատվածներում Ադրբեջանի սադրանքներն ի՞նչ նպատակ են հետապնդում: Արդյո՞ք  նոր ագրեսիա սկսելու վտանգ կա, և ըստ Ձեզ՝ Ադրբեջանը կդիմի՞ լայնածավալ ռազմական գործողությունների:

Հարցադրմանն ի պատասխան՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց.

Դավիթ Բաբայան

«Ադրբեջանն արդեն իսկ բացել է նոր ռազմաքաղաքական-աշխարհաքաղաքական ճակատ Հայաստանի դեմ. դա զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատն է: Ստեղծել են Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանը, որը վաղը կդարձնեն վարչատարածքային միավոր: Բարձրաձայնել են, որ կա Արևմտյան Զանգեզուր հասկացությունը, որն օկուպացված է Հայաստանի կողմից: Դա մի  մեծ  տարածք է Գեղարքունիքի հարավային շրջաններով՝ Սևանա լիճ, Վայոց ձոր, Սյունիքի մարզ: Ադրբեջանն իհարկե  փորձելու է դիմել տարբեր տիպի արկածախնդրությունների: Խիստ բարդ է, որ պատերազմ հրահրեն, բայց փորձելու են տարբեր տիպի մեթոդներով, մեր բնակչությանը վախեցնելով՝ ինչ-որ նպատակների հասնել: Բայց այն, որ այդ ճակատի բացման մեկնարկը պաշտոնապես տրվել է, արդեն պարզ և ակնհայտ է»,- ընդգծեց Բաբայանը:

Այս շրջանում շատ է խոսվում խաղաղասիրության, նորմալ հարաբերությունների  հաստատման մասին: Ինչքանո՞վ է սա հնարավոր, երբ ադրբեջանական կողմը մեզ հետ շարունակում է խոսել սպառնալիքների լեզվով և նախապայմաններով:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պիտի մարդ աննորմալ լինի, որ խաղաղությունը չգերադասի պատերազմից, բայց այդ ձգտումը պետք է լինի իրատեսական.

«Այդ խաղաղության ձգտումը պետք է  կիսի նաև Ադրբեջանը, և ես այդ տեսակետից չեմ տեսնում որևէ քայլ Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության քաղաքականությունը և շարունակում է իր ծավալապաշտական քայլերը:

Եվ այն, որ մենք ուզում ենք  այդ խաղաղությունը և պատրաստակամություն ենք հայտնում գնալ այդ քայլին, դա դեռ չի նշանակում, որ հակառակորդն էլ է  պատրաստ դրան:

Մենք պիտի ճիշտ քաղաքականություն վարենք, որ երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close