Նորություններ

Դեսպան Ստեֆանո Լազարոթոն տեսնում է հայ-շվեյցարական գործարար կապերը զարգացնելու հսկայական ներուժ

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն անդրադարձել է հայ-շվեյցարական գործարար կապերի հեռանկարներին՝ ընդգծելով, որ կա հսկայական ներուժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեֆանո Լազարոթոն  նման կարծիք է հայտնել «Նորարարության օր» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՝ կոչ անելով հայկական ընկերություններին օգտվել իրենց ընձեռված գործիքներից՝ Շվեյցարիայում իրենց ներկայությունը ընդլայնելու համար:

«Շվեյցարիա-Հայաստան հարաբերությունները բավական ընդլայնված են տարբեր ուղղություններով: Տնտեսական հարաբերությունները մեր համագործակցության ամենազարգացած բաղադրիչներից են: Բացի այդ, մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ կառավարման ոլորտում՝ կենտրոնանալով հատկապես ներմուծման, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման ուղղությունների բարեփոխումների վրա: Բայց, անշուշտ, տնտեսական սեկտորից բացի՝ մենք համագործակցում ենք նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ ուժեղ կապեր ունենք մշակույթի դաշտում, մենք փոխգործակցում ենք կրթության ոլորտում: Բացի այդ, Շվեյցարիան Հայաստանի հիմնական գործընկերներից է միջազգային համագործակցության ոլորտում», — ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ Շվեյցարիան այժմ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հարավային և հյուսիսային շրջաններում՝ աջակցելով երկրում հավելյալ արժեքի և աշխատատեղերի ստեղծմանը:

Հայ-շվեյցարական հարաբերությունների ակտիվ ոլորտներից են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին և ներդրումներին՝ դեսպան Լազարոթոն շեշտեց, որ ինչպես Երևանում մեկնարկած «Նորարարության օր 2021» համաժողովը, այնպես էլ Շվեյցարիայի «արտոնությունների ընդհանրացված համակարգը» (GSP), որն այժմ բավարար չափով չի օգտագործվում Հայաստանի կողմից, շատ լավ գործիքներ են հայկական ընկերությունների համար ընդլայնելու իրենց ներկայությունը Շվեյցարիայում:

Դեսպանը հավաստիացնում է, որ շվեյցարական ընկերություններն էլ իրենց հերթին հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելով: Ըստ նրա՝ հայ-շվեյցարական գործարար հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն:

«Եթե այդ ներուժը չլիներ, մենք այսօր այստեղ ներկա չէինք լինի: Ես կարծում եմ, որ ներուժը հսկայական է, այն շատ մեծ է: Այս պահին հիմնական մարտահրավերներից են ինչպես կորոնավիրուսին հարմարվելը, այնպես էլ՝ մեր գործիքներն այս նոր իրավիճակին ադապտացնելը: Մենք պետք է հնարավորինս ստեղծարար լինենք: Մի քանի նախագիծ արդեն հաստատվել է: Այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ մեկ այլ առիթով, քանի որ մենք իսկապես շատ դրական քայլեր ենք արել», — ասաց Ստեֆանո Լազարոթոն:

Back to top button
Close