ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Դու կյանքում չես կարող մոռանալ, երբ մարտական ընկերդ իր մի կտոր հացը կիսում է հետդ, կամ երբ մրսում ես, իր շորը գցում է քո վրա». պատերազմի մասնակից 20-ամյա Իսահակի պատմությունը

Ժամկետային զինծառայող, արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Իսահակ Հովհաննիսյանը օրերս է զորացրվել «Եղնիկներ»-ից:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում 20-ամյա զինծառայողը պատմել է պատերազմի ծանր օրերի եւ մասին:

«Սեպտեմբերի 27-ն էր, քանի որ էդ օրը կիրակի էր, վերկացը մի քիչ ուշ էր լինելու. շաբաթվա մնացած օրերին ժ. 6:00-ին էր, իսկ էդ օրը պիտի 7:30-ին լիներ: Մեզ 7:00-ին վերկաց հրամանը տվեցին, և 7:15 արդեն լսեցինք սնարյադների ձայները և մենք տագնապով բարձրացել ենք դիրքեր:

Սկզբի օրն էր մի քիչ անսովոր, բայց հետո ամեն ինչին էլ սովորում ես, սնարյադի ձայնն էլ է սովորական դառնում: Օրեր են եղել, երբ հաց չի եղել ուտելու, ջուր չենք ունեցել խմելու, բայց դրանք ոչինչ են, երբ դու կռվում ես»,- պատմում է Իսահակ Հովհաննիսյանը:

Պատերազմի մասնակից զորացրված զինծառայողն ասում է՝ շատ դաժան հիշողություններ է իր հետ բերել մարտի դաշտից, դրանք իրենն են (մի քանի վայրկյան լռում է), հետո շարունակում.

«Կռվելու ժամանակ հարցը գնում է մեռնել և ողջ մնալու մասին, կամ-կամ… ուրիշ տարբերակ երևի գոյություն էլ չունի:

Երբ դու կռվում ես, քո հույսը Աստված է, դու հավատում ես, ու անկախ հանգամանքից, որ կռիվն անհավասար է, կամ սա ուրիշ պատերազմ էր, մենք հավատում էինք… մեզ մեր հավատն է պահել»։

Պատերազմի մասնակից զինծառայողն ասում է, որ առօրյա ծառայության մեջ ու մարտի դաշտում ծնված ընկերությունը լրիվ տարբեր են.

«Խաղաղ պայմաններում չես մտածում, որ կողքիդ զինվորը, երբ պատերազմ լինի, կարող է քո կյանքը փրկել: Մարտի դաշտում մտածում ես կողքիդ կռվող բոլոր տղաների մասին, ինչպես կմտածես քո մասին: Մի ընտանիք ես դառնում մարտի դաշտում…

Դու կյանքում չես կարող մոռանալ, երբ մարտական ընկերդ իր մի կտոր հացը կիսում է հետդ, կամ երբ մրսում ես, հագից շորը հանում և գցում է քո վրա, իսկ հոգատարությունը նեղ պահերին շատ կարևոր է: Դու գիտես, որ կողքիդ հարազատ մարդ կա, իրենք ու վերջ, էլ ուրիշը չկա էդ պահին քո կողքին»,- շարունակում է զորացրված զինծառայողը:

Իսահակը նշում է՝ պատերազմն իրեն ստիպեց միանգամից մեծանալ:

«Հիմա լրիվ ուրիշ ձև եմ նայում ամեն ինչին… սկսել եմ ամենակարևոր արժեքները գնահատել, պատերազմից առաջ շատ մանր բաների կարևորություն ես տալիս, իսկ երբ պատերազմ է, սկսում ես գնահատել, տարբերել կարևորն ու անկարևորը: Սկսել եմ ինքս իմ նկատմամբ քննադատ լինել ու վերանայել ամեն ինչ»:

Իսահակ Հովհաննիսյանն ասում է՝  դեռևս կփորձի հաղթահարել հետպատերազմական շոկը, իսկ հետո թե ինչ կանի, ժամանակը ցույց կտա, մտադիր է շարունակել բուհական կրթությունը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close