Նորություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հիվանդանոց տեղափոխված ՌԴ քաղաքացի 15-ամյա տղան մահացել է

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ 34-ամյա Վիգեն Ռաֆայելյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտաճանապարհի 3․5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բարձրավոլտ էլեկտրահոսանքի աշտարակի հենասյան բետոնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Ռաֆայելյանն ու նրա ուղևոր 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն  Ջանիկյանի գլխավորությամբ։

Տեղում հետքաննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր առավոտյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ Ս․ Ռաֆայելյանը գիտակցության չգալով մահացել է։

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button