ՆորություններՍպորտ

Հակոբ Սերոբյանը՝ Տոկիոյից. Արթուր Դավթյանն ի զորու է նվաճել օլիմպիական ոսկե մեդալ

Արթուր Դավթյանի արդյունքից շատ գոհ եմ: Արդեն տեսանելի է, թե ինչի է ընդունակ եւ ինչ կարող է անել: Նա իսկապես մեդալի իրական հավակնորդ է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Դավթյանի անձնական մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով սպորտային մարմնամարզության տղամարդկանց որակավորման փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանի մրցելույթներն ու գրանցած արդյունքները:

Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հուլիսի 24-ին դուրս եկավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի եզրափակիչ: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը որակավորման փուլում վաստակեց 14.866 միավոր եւ երկրորդ տեղով նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատեք Արթուր Դավթյանի մրցելույթը որակավորման փուլում:

Արթուր Դավթյանից շատ գոհ եմ: Նա իդեալական կատարեց իր այսօրվա բոլոր մոտեցումները: Նա արդեն պրոֆեսինալ է: Վարժությունը կատարելիս զգացվում է պրոֆեսիոնալիզմը: Նա այսօր կատարեց Օլիմպիական խաղերին համարժեք վարժություններ: Նրա ցատկերը մեդալային էին: Միշտ ասել ենք, քննարկել, խոսքերով բնութագրել, որ այո, եկել է ժամանակը, բայց այսօր արդեն փաստերով կարող ենք խոսել. Արթուր Դավթյանը առնվազն մեդալ կարող է նվաճել՝ մինչեւ անգամ ոսկե:

Արթուրը գրագետ մարմնամարզիկ է: Նա շատ լավ գիտի՝ որտեղ է, ուր է գնում եւ ինչ է ուզում: Իմ կարծիքով, մեդալը կնվաճի, թե որ գույնի կլինի, չեմ կարող ասել: Կարող է: Մենք արդեն փաստով գիտենք, թե Արթուր Դավթյանն ինչի է ընդունակ, մինչեւ օլիմպիական ոսկե մեդալի ընդունակ է:

Հենացատկում Արթուր Դավթյանը փայլեց, մասնավորապես, երկրորդ ցատկում: Սա այն էր, ի՞նչ սպասում էիք:

Հենացատկում Արթուրն արեց իր առավելագույնը: Առաջին ցատկը ամենակարեւորն էր, շատ լավ ցատկեց: Առաջին ցատկը եղել է, որ նույնիսկ մարզումների ժամանակ  չի ստացվել, չի կարողացել գալ, կանգնել, բայց աստեղ նա կատարեց: Այդ մի փոքր հետ քայլը ոչինչ: Եթե նույնիսկ եզրափակիչում մի փոքր հետ քայլը մեդալ է: Երբ առաջին ցատկը կատարեց, հասկացավ, որ լավ ցատկեց, դա իրեն ինքնավստահություն տվեց երկրորդն անթերի, կատարյալ անել: Երկրորդում նա իրեն լավ է զգում:

Մինչեւ վերջին պահն Արթուրը պահպանում էր առաջատարի դիրքը, այնինչ կորեացի մարմնամարզիկը հավասար միավորներով առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչում: Ինչպե՞ս:

Արթուրը հավասար միավորներով զիջեց առաջին տեղը: Առաջ է անցնում այն մասնակիցը, ում երկու ցատկերից ամենաբարձր միավորը բարձր է մյուսի ամենաբարձր միավորից: Կորեացի մարմնամարզիկի ամենաբարձր միավորը 15.1 էր, իսկ Արթուրինը՝ 15: Այդպես նա զբաղեցրեց առաջին տեղը: Այստեղ հաշվի է առնվում, թե ամենաբարձր գնահատականն ով ունի, որքան էլ հանրագումարը հավասար է:

Նժույգ թափերում ի՞նչը չբավականացրեց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու համար:

Նժույգ թափեր վարժությունում Արթուրը շատ լավ մասնակցեց, անթերի կատարեց վարժությունը եւ ստացավ Եվրոպայի առաջնությունից բարձր միավորներ: Խնդիրն այն է, որ նժույգում շատ են ուժեղները եւ բոլորը բարդ ծրագրով էին մասնակցում: Բոլորի վարժությունները մի քանի անգամ ավելի բարդ էին ու բարձր միավորներով, քան Արթուրինը: 6-7-8 տասնորդականով բարձր էին նրանց արած տարրերը: Արթուրը մաքուր, անթերի կատարեց իր վարժությունը: Մի քիչ փոփոխել էինք, 1/10-րդական բարդեցրել էինք, բայց դա շատ քիչ էր մյուսների համեմատ: Ամեն դեպքում, շեշտը դրել էինք հենացատկի վրա, եւ Արթուրն արեց դա:

Հենացատկի երզափակիչում 8 ուժեղագույնների պայքարն ինչպիսի՞ն եք տեսնում: Ի՞նչ կասեք Դավթյանի մրցակիցների մասին:

Շատ ուժեղ մրցակիցներ ունի: Այս 8-ն էլ շատ մոտ մարմնամարզիկներ են, շատ ուժեղ են եւ բոլորն էլ մեդալի կռիվ են տալու: Արթուրի խնդիրը առաջին ցատկում կանգնելն է: Մնացած ամեն ինչ նրա մոտ հրաշալի է ստացվում: Մնում է մարզական բախտը: Մենք պատրաստ ենք:

Եթե Ռիո-2016-ում, Հարություն Մերդինյանին եզրափակիչում խանգարեց հուզականությունը, լարվածությունը, Արթուրն այդ առումով շատ հանգիստ է: Եթե նա կանգնեց մեկնարկի, բարձրացրեց ձեռքը, նույնիսկ կողքն էլ չլինես, կանի այն, ինչի ընդունակ է:

Օլիմպիական խաղերում հոգեբանորեն պատրաստ լինելը, լարվածությունը թուլացնելն ամենակարեւոր պայման է: Եվրոպայի, աշխարհի առաջնություններից Խաղերը տարբերվում է նրանով, որ որակավորման փուլը հաղթահարելուց 1 շաբաթ հետո նոր եզրափակիչներն են: Այդ ժամանակահատվածը մարզիկների նյարդերի վրա է ազդում եւ ավելացնում լարվածությունը, ինչն էլ խանգարում է արդեն մրցահարթակում: Պետք է երկաթե նյարդեր ունենալ այդ մեկ շաբաթը դիմադրելու համար:

Այս Առումով Արթուրը պինդ նյարդեր ունի: Նա կարողանում է ինքն իրեն հավաքել հենց մրցահարթակում: Նրա մոտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում. կարող է մարզումներին լավ չկատարել վարժությունները, իսկ մրցումներին անթերի անել: Ինքն էլ է խոստովանում, որ մրցումների ժամանակ ավելի է հավաքվում, ադրենալինն է բարձրանում եւ ավելի լավ է կատարում ցատկերը:

Ի՞նչ կանխազգացում ունեք: Որքա՞ն է օլիմպիական մեդալ, ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունը:

Մենք եկել ենք Օլիմպիական խաղեր մեկ նպատակով եւ երազանքով: Շատ եմ ասել, որ արդեն հասունացել է պահը, բայց այս պահին ինձ թույլ չեմ տա ասել՝ մենք կնվաճենք մեդալ: Սա սպորտ է, ամենաբարդ մարզաձեւը եւ ամեն ինչ հնարավոր է. մեծ-մեծ չի կարելի խոսել: Զգում եմ, որ մոտ ենք, կարող ենք, ունենք բոլոր հնարավորությունները մեդալ, ընդհուպ՝ ոսկե մեդալ նվաճելու: Սա ասում եմ՝ զուտ փաստերն արձանագրելով, այօրվա արդյունքները վերհանելով: Ամեն դեպքում, փորձենք դեռեւս զերծ մնալ կանխատեսումներից, կանխազգացումներից: Փաստ է, որ բոլորն ուժեղ են, ինքն էլ է ուժեղ: Առաջ չընկնենք, այս մեկ շաբաթը նյարդերը տեղի չտան:

Back to top button
Close