Նորություններ

«Երեկվա համեմատ այսօր իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան». Կութի գյուղապետ

«Այս պահին հանգիստ է իրավիճակը երեկվա համեմատ: Քանի որ երեկ գյուղում չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ տևողությամբ են եղել կրակոցները, բայց գյուղացիները տարբեր տևողություններ են ասում. մեկն ասում է 4 ժամ, մյուսը՝ 2 ժամ: Մտա Ֆեյսբուք, որ տեսնեմ ինչ նորություն կա, այդտեղից եմ տեղեկացել, որ մի քանի ժամ ինտենսիվ կրակել են մեր դիրքերի ուղղությամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

Կութ համայնքի ղեկավարի խոսքով՝ 4 օր առաջ թշնամին դարձյալ կրակել է Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ, և ինքն ու մի քանի գյուղացիներ լսել են կրակոցի ձայները:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Back to top button
Close