«Հետաքրքիր զարգացում կարող է տեղի ունենալ վատառողջ Էրդողանի մահվան դեպքում. Ալիևը հիմնականում կմնա միայն Պուտինի խնամքին». Ն. Ներսիսյան

Ադրբեջանական զինված ուժերն արդեն մի քանի ամիս ՀՀ ինքնիշխան տարածքում են և պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում լարվածության օջախներ են ստեղծում: Այս քայլերով ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, փաստաբան Նարեկ Ներսիսյանի հետ:
«Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը զգում է ռազմական հաղթանակը քաղաքականի վերածելու հնարավորությունը։ Ըստ իս՝ ՌԴ և Արևմուտքի շահերը որոշակի համընկնման եզրեր են պրոյեկտել։ Չեմ բացառում, որ գա մի պահ, երբ մեծամասամբ համընկնեն, և դա ռազմական հաղթանակն ի չիք դարձնի՝ վերածելով պարտության։ Վերը թվարկվածը Ալիևի մոտ հիստերիկ նոպաներ է դեռ առաջացնելու, իսկ եթե մեր դիվանագիտությունը բարեփոխումների գնա և արդյունավետությունը բարձրացնի, ապա դա կլինի նաև հօգուտ մեզ։

Մյուս կողմից Ալիևը փակուղի է մտել նաև Թուրքիայի հետ հարաբերություններում։ Էրդողանը հայտարարեց, որ Ադրբեջանը ճանաչելու է Կիպրոսի օկուպացված մասի անկախությունը։ Այս իրողությունն իրապես ծանր և թանկ հետևանքներ ունեցող երկընտրանքի առջև է կանգնեցրել Ալիևին։ Հետաքրքիր զարգացում կարող է տեղի ունենալ նաև վատառողջ Էրդողանի մահվան դեպքում։ Այդ պահից Թուրքիայի քաղաքականությունն ամենայն հավանականությամբ կփոխվի դեպի արևմտյան քաղաքակրթություն, և Ալիևը հիմնականում կմնա միայն Պուտինի խնամքին»,- հայտարարեց Ներսիսյանը:
Ռուսաստանն այս խնդրի լուծումը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով՝ առաջարկելով Ռուսաստանի միջնորդական աջակցությունը 2 կողմերին: Սահմանազատման աշխատանքները սկսելու համար հայկական կողմն ի՞նչ առաջնահերթություններ պետք է ներկայացնի եւ այդ աշխատանքներում Ռուսաստանը և Թուրքիան ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:
Հարցադրմանն ի պատասխան Նարեկ Ներսիսյանը հայտարարեց.
«Եվս մեկ անգամ նշեմ, որ Ադրբեջանը դե յուրե իրեն համարում է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Ենթադրում եմ, որ ռուսական կողմը նաև այս հանգամանքն էր նշում: Հնարավոր է, որ Ռուսաստանն անգամ հրաժարվի ինչ-որ մի պահի սահմանազատման միջնորդի դերից՝ Ադրբեջանին փաստացի ցույց տալով, որ վերջինս իր համար իրագործեց Լավրովյան պլանը, և իրական հաղթողը ՌԴ-ն էր իրականում։
Հետևաբար հետևություններից մեկն այն է, որ Ալիևը քաղաքական հաղթանակը (որը, ի դեպ, իրական հաղթանակի մասին արձանագրումն է) բաց թողնելու ռիսկի դեպքում կգնա արկածախնդրության և պատերազմ կհայտարարի։ Սակայն դա կլինի այլ պատերազմ՝ իր համար հիստերիկ նոպայի, իսկ մեզ համար չհայտարարված Սարդարապատ»,- եզրափակեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, փաստաբան Նարեկ Ներսիսյանը:
Անահիտ Չալիկյան