Նորություններ

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնից 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. քաբաբ են կերել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 21-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քանի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղափոխվածներն են Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Գ.-ն, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Կարինե Խաչատրյանը, 57-ամյա Գայանե Աթոյանը և 44-ամյա Ալվարդ Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամ 23:50-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դարձյալ «սննդային  թունավորում» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ՝ 59-ամյա Համլետ Մանուկյանին, 31-ամյա Արսեն Մանուկյանին, 25-ամյա Շուշաննա Կարապետյանին և Համլետ Մանուկյանին, ում տարիքը ճշտվում է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի աշխատակիցները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում՝ աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս» սննդի կետից գնված քաբաբն ուտելուց հետո:

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում՝ մի մասը որպես բուժքույր. թունավորվածների մեջ  է նաև նշված կենտրոնի ադմինիստրատորը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button