Նորություններ

«Ադրբեջանին և Անկարային անհանգստացնում է նաեւ Արևմուտքի ճնշումը. մենք էլ չէինք սպասում, որ այսպիսի խիստ դիրքորոշում են ունենալու Ֆրանսիան և ԱՄՆ-ը»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զբաղված է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման աշխատանքներով:

Այս եւ այլ թեմաների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:

«Խոսքը փաստորեն գնում է հաշտության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների մասին, որը պիտի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դարձնի միջազգայնորեն ընդունված, իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

Ցանկացած դիմադրության փորձին տեսնում ենք, որ ադրբեջանցիները կրակում են, առաջ են գնում, մարդ են սպանում: Ռուսները սկզբում ասում են, որ որևէ խնդիր չկա, և հետո էլ հայտարարում են, որ եկեք իրականացնենք մեր բոլոր պայմանավորվածությունները: Այսինքն՝ ակնհայտ, բազմակողմանի ճնշում է իրականացվում Հայաստանի վրա:

Արմեն Հովհաննիսյան

Այստեղ խոսքը վերաբերում է նաև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությանը, որը պետք է հանգեցնի  սահմանազատման գործընթացին:

Նրանք ուղղակի այս կառավարության վարած անկարող, թույլ արտաքին քաղաքականությունն օգտագործելով՝ պիտի ստիպեն, որ մենք այդ ամեն ինչին համաձայնվենք»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական ​​կապի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նշեց՝ դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը Պուտինին  բողոքում է Ադրբեջանի ճնշումներից, իսկ  Ալիևն էլ բողոքում է ռուս-թուրք-ադրբեջանական նախատեսված պայմանավորվածությունների իրագործման արագությունից:

«Իհարկե մեկ այլ խնդիր էլ կա, որն անհանգստացնում է Ադրբեջանին և Անկարային. դա Արևմուտքի ճնշումն է: Մենք էլ չէինք սպասում, որ այսպիսի խիստ դիրքորոշում են ունենալու Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, և դա Թուրքիայի և Ադրբեջանի համար ցավոտ հարց է, որովհետև իրենց ռազմական հաջողությունը դժվարացել է դիվանագիտական հաջողության վերածելը»,-շարունակեց Հովհաննիսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ սահմանի կրակոցներով նրանք նպատակ  չունեն օկուպացիա անել այս փուլում:

«Բայց չեմ կասկածում, որ Ալիևի և Էրդողանի նման խելագարների մտքում կա նաև Հայաստանի օկուպացիան, բայց ինչ-որ մի փուլում:

Իրենք ինչպես հաշվարկել էին՝ պատերազմը երբ պետք է սկսեն, բոլոր հանգամանքները շատ ճշգրիտ հաշվարկել են, այսինքն՝ հիմա նրանք համոզված են, որ սա դեռ այն փուլը չէ, որ իրենք դա կարող են իրենց թույլ տալ:

Դրա համար հիմա ավելի շատ հոգեբանական ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի ստիպեն իրականացնել ռուս-թուրք-ադրբեջանական պլանը»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close