Նորություններ

«Կուրբան Բայրամ տոնի հետ կապված թուրքերն ակտիվացել էին, բայց էս պահին իրավիճակը հանգիստ է». Տեղի համայնքապետ

«Երեկ չէ առաջին օրը մի քիչ լարված էր, դե էդ էլ հավանաբար կապված է իրենց Կուրբան Բայրամ տոնի հետ, ակտիվացել էին: Հիմա հանգիստ է իրավիճակը, թուրքը իր դիրքերում անձրևանոցների տակ նստած է: Մեր ժողովուրդն էլ իր գործին է, էս պահին ցորենի հնձով են զբաղված, ամեն ինչ նորմալ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում  հայտարարեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

Տեղ համայնքի ղեկավարը, անդրադառնալով պաշտպանության նախարարության հուլիսի 19-ի տարածած հաղորդագրությանը, որ Տեղ համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայտարարեց.

«Մարդը գնացել էր իր սեփական խոտը հնձելու, շրջադարձի ժամանակ մոտ տասը մետր մտել է դրանց տարածք, եկել են էդ տասը մետրի համար թեմա են սարքել:

Իրականում դա մեր տարածքն է, բայց իրենք կոմբայնավարին ասել են, որ խախտել է, վերջը բանակցությունների արդյունքում էդ հարցը լուծվեց»,- հայտարարեց Շադունցը:

Նրա խոսքով՝ նմանատիպ դեպքեր կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դեմարկացիան և դելիմիտացիան վերջնական չի արվել:

«Սահմանների պաշտպանությունը բանակային կորպուսն է իրականացնում, մեր գյուղի տղերքն էլ, հենց պետք  լինի, թև ու թիկունք են բանակին:

Մարդկանց տրամադրվածությունը նորմալ է, երեխեքին բանակ են ճանապարհում, բանակի քեֆեր են անում»,- եզրափակեց Տեղի համայնքապետը:

Back to top button
Close