Նորություններ

Ադրբեջանցիները Տեղի կոմբայնավարին մեղադրել են սահմանը հատելու մեջ. Արավուսի գյուղապետը հոսպիտալից հեռախոսով ադրբեջաներեն բանակցել է թշնամու հետ. Փաստինֆո

Սյունիքի մարզի Տեղ համայնքում կոմբայնավարը դաշտերը հնձելու ժամանակ պատահմամբ մոտ 10 մետր հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները ՀՀ տարածքում՝ սահմանին կանգնեցրել են նրան: Վաղ առավոտից Տեղ համայնքի ղեկավարը սահմանապահ զորքերի հրամանատարի և ռուսական կողմի հետ բանակցություններ էին վարում։

Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ինքը Գորիսում է՝ հիվանդանոցում։ Տեղ համայնքի ղեկավարը կապ է հաստատել իր հետ, որպեսզի վերջինս շփվի ադրբեջանցիների հետ, բանակցի ադրբեջաներեն։

«Ասում են, իբր, թե սահման է հատել։ Մեր տնից դուրս ենք գալիս ադրբեջանցիներն ասում են մեր սահմանն է։ Ասեցի արա այ տղա՝ ի՞նչ սահման ենք անցնում է։ Մի մետր, կես մետր անցնում ենք սահման է։ Այն ժամանակ ցանել ենք, պիտի հնձենք, չեք թողում ջհանդամը թողեք։ Հիմա մեզնից ի՞նչ եք ուզում, ասում են սահման է անցել։ Ասում եմ՝ ի՞նչ ես իմանում, որ կես մետր անցել է, վերջնական սահման չկա, մինչև գծումը կարող է սենց էլ լինի, ինձ ասում են չէ, դուք իրավունք չունեք պետական սահմանը հատեք»։

Արավուսի համայնքապետը տեղեկացրեց, որ, իր տեղեկություններով, բանակցություններն ավարտվել են, կոմբայնավարին վնաս չի հասցվել, ադրբեջանցիներն էլ միայն պնդել են, թե սահման է հատել։

«Տրակտորիստը կարող է մի քանի մետր էս կողմ էն կողմ անցնի, սահմանը չնկատի՝ չի երևում։ Մեզ ասում են պետական սահմանն անցել է։ Ես էլ ոչխարին ասում եմ սենց ա ստացվել, ասում է ինձ չի հետաքրքրում սահմանը անցել եք»։

Արգամ Հովսեփյանը պատմեց նաև, որ մոտ 20 օր առաջ ադրբեջանցիները իրենց կողմից հրդեհել են հնձած արտերը՝ իմանալով, որ հայկական կողմում գյուղատնտեսական հողերը ևս կվառվեն, այդ ժամանակ համայնքի անդամները տրակտորներով փորել են հողը, որպեսզի կրակը չհասնի իրենց տարածք։

«Հրդեհը եղել է մոտ 20 օր առաջ։ Իմանալով են վառել, որ մեր արտերն էլ վառվի։ Տրակտորները շուտ վերցրել ենք վարել արանքը, որ կրակը մեր կողմ չանցնի, դաշտերը չվառի»։

Արավուսի համայնքապետը նշեց, որ բոլոր գերատեսչություններին դիմել են, որպեսզի գյուղացիների ապրուստի հարցում օգնեն՝ վառելիք ու սերմ տրամադրեն։ Օդից կախված է մնում նաև Արավուս համայնքին պատկանող 64 հա սեփական հողի հարցը, որն այս պահին Ադրբեջանն է օկուպացրել։

«Սենց էլ մնաց վարած, ցանած, հողերը փչացան, չթողեցին հնձենք։ Ես չեմ հասկանում։ Դիմում եմ կառավարություն, ՄԻՊ՝ տեղ չի մնացել, եկեք մեր հարցերը լուծեք, եթե մեզ սերմացու, վառելիք չտան, մենք հաստատ կործանվելու ենք։ Լաչինի հետ էլ ենք պայմանագիր կնքել, հողերը մշակել։ Վարած մնացել է էն կողմում։ Ի՞նչ պիտի անենք, ահավոր վիճակում ենք, եթե պետությունը չօգնեց, մենք հաստատ կործանվելու ենք»,- ասաց Հովսեփյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button